Tert.am Life–ը երգչուհու հետ բացառիկ զրույց է ունեցել, որի ընթացքում նա խոսել է ելույթի նախապատրաստական աշխատանքների, ակնկալիքների և քննադատությունների մասին։
«Օրս այնքան լեցուն է, ամեն բան այնքան արագ է տեղի ունենում, որ, երբեմն, նույնիսկ չեմ նկատում, թե ինչպես է այն սկսվում և ավարտվում: Թեև շրջապատումս բոլորն անդադար ասում են, որ պետք է առավելագույնս հանգիստ լինեմ, չնյարդայնանամ, ուժերս պահեմ մրցութային փուլի համար, այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ դա այդքան էլ հեշտ չի ստացվում: Այս ընթացքում, առավել քան երբևէ, գնահատում եմ միասնության ուժը: Ինչ վերաբերում է նախապատրաստական աշխատանքներին` ստեղծագործական բուռն ընթացքի մեջ եմ՝ ծանոթանում և ուսումնասիրում եմ աշխարհի էթնիկ երաժշտությունները, խաղ-մարտահրավերների միջոցով նաև աշխարհին ծանոթացնում հայկական երաժշտական գանձարանին: Այս ընթացքում, կարծես, աշխարհի մի մասնիկ լինեմ: Բացի այդ, նաև ակտիվ փորձերի փուլում եմ. օրս սկսվում է փորձով, ավարտվում փորձով՝ երգի, պարի, հագուստի»,– պատմեց Արծվիկը։
«Fly With Me» տեսահոլովակի պրեմիերայից հետո շատերը քննադատեցին այն։ Երգչուհին նշեց, որ աշխատում է ուշադրություն չդարձնել այդ ամենին և չկոտրվել։ ««Եվրատեսիլն» առանձնահատուկ մրցույթ է։ Հիմա եմ հասկանում, թե որքան բարդ և պատասխանատու է որևէ մասնակցություն ունենալ տվյալ գործընթացում: Ամիսներ շարունակ քո յուրաքանչյուր ասված կամ չասված բառը, քայլը, կատարումը, հագուստը ամբողջ աշխարհի քննադատ հայացքի ուշադրության կենտրոնում է: Եվ պետք է չկոտրվել, չհիասթափվել, ամուր մնալ, չափից շուտ կամ շատ չոգևորվել. մի խոսքով՝ զգացմունքների և զգացողությունների ճիշտ վերահսկողություն է պետք կարողանալ պահպանել»,– նկատեց երգչուհին։
Արծվիկը, խոսելով «Fly With Me» երգի հիթ դառնալու և սիրվելու մասին, ասաց. «Եթե բանաձևային ճշգրտությամբ կարողանայինք նշել, թե ինչ է պետք երգին` հիթ դառնալու համար, հնարավոր կլիներ վստահորեն պատասխանել այս հարցին: Իմ կարծիքով` կարևոր է երգում որոշակիորեն ներկայացնել սեփական պատմությունը: «Fly with me»-ում իմ պատմությունն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրենը տեսնել. չէ՞ որ բոլորս էլ մեր ներսում ունենք զգացմունքներ, լույս ու սեր։ Գլխավորը` բացահայտվելու հնարավորության ստեղծումն է: Համենայն դեպս, մեծ է ցանկությունս, որ երգը տեղ գտնի մարդկանց երգացանկերում և հաճախ լսելու ցանկություն առաջանա: Եթե այս բաղադրիչները լինեն, մեր գործը հաջողած կհամարեմ»։
Արծվիկից հետաքրքրվեցինք, թե ինչ բեմադրություն է լինելու «Եվրատեսիլ»–ի բեմում։ Չբացելով փակագծերը` երգչուհին ասաց. «Ես էլ Ձեզ պես անհամբեր սպասում եմ մայիսի 9-ի ելույթիս։ Դեռ շատ փակագծեր չեմ կարող բացել, բայց վստահ եմ` Հանրայինի թիմը հետաքրքիր և անսպասելի բեմական լուծումներ կառաջարկի: Ինչ վերաբերում է ներքին զգացողությանս, ապա, անշուշտ, հաղթական եմ տրամադրված, քանի որ ցանկանում եմ հայրենակիցներիս ու երկրպագուներիս ևս մեկ անգամ եվրատեսիլյան տոնը վայելելու և հպարտանալու հնարավորություն տալ»։
Ի դեպ, Արծվիկը այս ամիս նշել է իր ամուսնության 1–ամյակը։ Երգչուհու հետ խոսեցինք նաև ամուսնու աջակցության մասին։ «Ամուսինս իմ ամենահավատարիմ երկրպագուն է: Նա չափազանց ուշադիր ու հոգատար է իմ նկատմամբ, ինձ թևեր է տալիս ու ոգեշնչում ամեն վայրկյան: Ես շատ երջանիկ եմ, որ իմ կյանքի հենց այս պատասխանատու ժամանակահատվածում կողքիս ունեմ նրան»,– եզրափակեց երգչուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am