ԱՄՆ-ի 39-ամյա Էրիկա Գոնզալեզը, հաշվի առնելով գնային տարբերությունը և վստահելով գյումրեցի բժշկին, որոշել էր լիպոսակցիա (ճարպային կուտակումների հեռացում) անել Գյումրիում: Մարտի 29-ին լիպոսակցիան իրականացրեց Գյումրու «Բժշկական կենտրոն»-ի երիտասարդ բժիշկ Դավիթ Սմոյանը:
Էրիկա Գոնզալեզն ասաց, որ, ոչ միայն գնային տարբերությունն էր Գյումրի գալու պատճառը, այլ նաև վստահությունը: «Երբ բժիշկը վերապատրաստումներից մեկի ժամանակ Եվրոպայում էր, պատահաբար նրան լսեցի ու մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չմեկնել Հայաստան վիրահատության: Այն դեպքում, երբ այդ միջամտությունը Հայաստանում շատ ավելի մատչելի է՝ կարող եմ ասել եռակի, բայց ավելի շուտ Գյումրի եկա, քանի որ վստահեցի բժշկին»,- նշեց Էրիկան:
Էրիկան 3 երեխաների մայր է և Գյումրի է եկել իր մոր ուղեկցությամբ: «Երբ երեխաներս իմացան իմ որոշման մասին, համաձայնեցին: Ասում են՝ արա այդ միջամտությունը, եթե դա քեզ կերջանկացնի: Հուսամ` ամեն ինչ նորմալ կլինի, և ես երբ ԱՄՆ վերադառնամ, իմ բոլոր ընկերներին խորհուրդ կտամ գալ Գյումրի»,- ասաց Էրիկան՝ հույս հայտնելով, որ հաջորդ անգամ արդեն Հայաստան կգա շրջագայության համար: «Այս անգամ ժամանակը կարճ է, և չեմ հասցնի երկիրը տեսնել, բայց, հուսամ, հաջորդ անգամ դրա հնարավորությունը կունենամ: Արդեն գիտեմ, որ նաև համեղ խոհանոց ունեք: Տանտիրուհին, ում տունն այս ընթացքում վարձակալել ենք, արդեն հասցրել է մեզ զարմացնել իր խոհարարական վարպետությամբ»,- նշեց Էրիկայի մայրը: