Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի կառավարությունը հինգ հյուսիսային շրջաններ, որտեղ հեղեղումներ են տեղի ունեցել, տարերային աղետի գոտներ է հայտարարել: Նոր Հարավային Ուելսի և Քվինսլենդի նահանգներից ստացվող հաղորդումների համաձայն՝ առափնյա գոտու բնակավայրերում հեղեղումների վտանգը առաջվա պես շատ մեծ է, չնայած «Դեբի» արևադարձային ցիկլոնից հետո եղանակի որոշ բարելավմանը:
Անցած երկու օրվա ընթացքում երկրի արևելքում անդադար տեղատարափ անձրևներ են տեղացել, ինչը հանգեցրել է շատ գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման: Դրա հետևանքով Լիսթեր, Չինդերա, Մուրվիլումբա, Քինգսլի, Բինլի քաղաքներում, Գոլդ Քոստի մի շարք շրջաններում վերջին 24 ժամում տեղացել է ավելի քան 400 միլիմետր անձրև և տեղի են ունեցել հեղեղումներ:
Ինչպես հայտնել է Քվինսլենդի կառավարության ղեկավար Անաստասիա Պալաշչուկը, այդ նահանգում մոտավորապես 130 հազար տուն մնում է առանց էլեկտրականության: Քվինսլենդի և դրան սահմանակից Նոր Հարավային Ուելսի շրջանների տասնյակ հազարավոր բնակիչներ տարահանվել են և մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: