Ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ ծուլությունը վարակիչ է
Advertisement 1000 x 90

Ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ ծուլությունը վարակիչ է

Ֆրանսիացի նեյրոֆիզիոլոգներն ապացուցել են, որ մարդու վարքագծի հետ կապված անհատական մի քանի այնպիսի առանձնահատություններ, ինչպիսիք են ծուլությունը, անհամբերությունը կամ խելամտությունը, իրականում «վարակիչ են»: Այդ մասին տեղեկացնում է PLoS Computational Biology հանդեսը:

Վերջին տարիներին գիտնականները նկատել են, որ բազմաթիվ առօրյա շարժումներ և հույզեր, ինչպիսին հորանջելն է կամ իրեն քորելը, «վարակիչ» են. մարդիկ և շատ կենդանիներ անհամեմատ ավելի հաճախ են հակված հորանջելուն կամ քորվելուն, եթե շրջապատողները նույն բանն են անում:

Վերջերս կենսաբանները մկների ուղեղում առանձին տեղամաս են գտել, որը պատասխանատու է նմանօրինակ ռեակցիաների առաջացման համար, ինչը հարկադրել է խոսել հույզերի ու շարժումների «վարակիչ լինելու» ձևերի ավելի խորը արմատների մասին:

Փարիզի (Ֆրանսիա) Գլխուղեղի և ողնուղեղի ինստիտուտի աշխատակիցներ Մարի Դևենը և Ժան Դոնիզոն դիտարկումներ են կատարել, թե ինչպես են հինգ դյուժին կամավորներ համակարգչով խաղում հասարակ տնտեսական խաղ, և պարզել են, որ ծուլությունը, անհամբերությունը և նույնիսկ խելամտությունը նույնպես կարող են լինել վարքագծի «վարակիչ» ձևեր:

Նախքան գիտափորձի մասնակիցներին ձեռնամուխ կլինեին փորձարկումներին, գիտնականները նրանց առաջարկել են «ծանոթանալ», թե ինչպես են նրանցից առաջ իրենց դրսևորել կամավորները: Իրականում այդ «կամավորները» գոյություն չունեին, նրանց դերը կատարել է արհեստական ինտելեկտը, որի գործողությունների ռազմավարությունները տարբերվում Էին տարբեր աստիճանի «ծուլությամբ», «անհամբերությամբ» կամ «խելամտությամբ»:

Կանոնները պարզունակ էին. համակարգչի էկրանին ներկայացնում Էին տարբեր ապրանքների երկու լուսանկարներ, դրանց գները և դրանց վերավաճառումից ենթադրվող օգուտները: Փորձերի մասնակիցը պետք է ընտրեր գործողությունների օպտիմալ տարբերակը և կանխագուշակեր, թե նախորդ «խաղորդն» ինչ կաներ իր փոխարեն:

Հետևելով խաղորդներին և գոյություն չունեցող գործընկերոջ վարքագծի մասին նրանց պատկերացումներին՝ գիտնականները փորձում էին հասկանալ՝ մեքենայի գործողությունների դիտումն ազդել է արդյոք փորձարկվողների գործելակերպի վրա: Ինչպես պարզվել է, արհեստական բանականության գործողությունները, իրոք, ներգործել են մասնակիցների վրա՝ նրանց ավելի կամ պակաս ծույլ, խելամիտ կամ անհամբեր դարձնելով այն բանի համեմատ, թե ինչպես էին նրանք իրենց պահում միայնակ վիճակում:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ բոլոր այս որակները «վարակիչ» են եղել. որքան ավելի անհամբեր, ծույլ կամ անխելամիտ էր արհեստական ինտելեկտը, այնքան ավելի ուժեղ են այդ որակները դրսևորվել նաև կամավորների մեջ: Նեյրոֆիզիոլոգների կարծիքով՝ դա բացատրվում է իրեն շրջապատողների տեղը դնելու մարդու ընդունակությամբ՝ հասկանալու համար՝ ինչ մոտիվներով, նպատակներով ու սկզբունքներով են նրանք առաջնորդվում: Հետաքրքրական է, որ փորձերի մասնակիցներն իրենք դա չէին գիտակցում և համարում էին, որ իրենց կարծիքն ու գործելակերպը չէր փոխվում արհեստական ինտելեկտին հետևելուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: