«Ամուսնալուծությունից հետո ստիպված էի լռել». Վարդան բաց տեսարաններին ամուսնու արձագանքի և հարաբերությունները թաքցնելու պատճառի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Ամուսնալուծությունից հետո ստիպված էի լռել». Վարդան բաց տեսարաններին ամուսնու արձագանքի և հարաբերությունները թաքցնելու պատճառի մասին. life.tert.am

Երգչուհի, պարուհի Վարդան այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալում` մեկնում է շրջագայությունների, մասնակցում մի շարք ծրագրերի և զբաղվում իր ակումբի աշխատանքներով։ Tert.am Life–ի հետ զրույցում Վարդան խոսել է իր անձնական կյանքի փոփոխությունների, նախկին ամուսնու և բիզնեսի մասին։

–Վարդա, ինչո՞ւ բացեցիք ակումբ, որտեղ տղամարդկանց մուտքն արգելվում է։

–Ես բացել եմ VARDA Ladies Club-ը, որպեսզի կանայք ունենան այնպիսի վայր, որտեղ կարող են լիարժեք հանգստանալ ու հաճույք ստանալ, ինչպես նաև ժամանակ խնայել։ Կինը, անպայման, պետք է ինչ–որ զբաղմունք ունենա օրվա ընթացքում, սպորտով զբաղվի, որպեսզի միշտ լավ մարզավիճակում լինի։ Պետք է, անպայման, գեղեցկության սրահ այցելի, որպեսզի միշտ խնամված լինի։ Եվ իհարկե, պետք է շոփինգի գնա, որպեսզի գեղեցիկ լինի։ Վերը նշված ոչ մի կետից կինը չպետք է հրաժարվի։ Եթե այս ամենը տարբեր վայրերում եք անում՝ շատ ժամանակ եք կորցնում, իսկ VARDA Ladies Club-ում ամեն բան կա։ Կարելի է պարով զբաղվել, գնալ գեղեցկության սրահ, գեղեցիկ զգեստ ու լողազգեստ գնել, ինչպես նաև` զրուցել ընկերուհիների հետ մի բաժակ սուրճի կամ շամպայնի սեղանի շուրջ։ Այս ամենից հետո տղամարդը կարող է իր կնոջը հիանալի տրամադրությամբ տանել տուն։

–Շահավե՞տ է միայն կանանց համար ակումբ ունենալը։

 –Այո, իհարկե։ Տղամարդիկ չեն վախենում մեզ մոտ թողնել իրենց կանանց։ Այնպես որ, կարելի է ասել, որ սա մանկապարտեզ է մեծ կանանց համար։)  Կարելի է կնոջն ամբողջ օրով մեզ հանձնել, իսկ հետո գալ նրան տուն տանելու։ Այստեղ նա շրջապատված կլինի միայն կանանցով, որոնք կենսուրախ են, ժպտերես ու զերծ ավելորդ բամբասանքներից։ Բոլորը քննարկում են, թե ինչպես բավականություն պատճառել տղամարդուն, բաղադրատոմսեր են փոխանցում և այլն։ Դա հիանալի է։

-Հետ նայելով՝ կարո՞ղ եք ասել, որ հասել եք նրան, ինչին ձգտում էիք։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

-Հաջողության գաղտնիքն աշխատասիրությունն է, երևակայելու ունակությունը։ Ես դրա վարպետն եմ։ Ավելին, ես կարող եմ երևակայել ոչ միայն իմ ապագայի մասին, այլև կարող եմ պարզապես սուրճի սեղանի շուրջ նոր բիզնես նախագծեր հորինել ընկերներիս համար։ Մի փոքր աշխատասիրություն, համբերություն ու նպատակասլացություն ունենալու դեպքում ցանկացած մարդ էլ կարող է հաջողության հասնել։ 30 տարեկանում ես, կարելի է ասել, 0-ից սկսեցի ապրել։ Այժմ կատարվել է իմ մեծ երազանքներից մեկը՝ ես բացել եմ VARDA Ladies Club-ը։ Սակայն ես այլ երազանքներ էլ ունեմ` ցանկանում եմ, որպեսզի ակումբը մասնաճյուղեր ունենա ամբողջ աշխարհում, պլանավորում եմ մի քանի գիրք թողարկել։ Դրանցից մեկը միայն մարզիչների համար կլինի։ Դրա մեջ կներկայացնեմ իմ անձնական փորձառությունն ու մարզումներն ուսուցանելու մեթոդները։ Ինձ մոտ շատ մարզիչներ են աշխատում, սակայն, միևնույն է, հաճախորդների մեծ մասն ինձ մոտ է` չնայած իմ պարապմունքները բավականին թանկ են։ Ինձ թվում է` պատճառն այն է, որ մարդիկ զգում են էներգիայի փոխանակումը, գնահատում են շփումը։ Pole dance-ն ավելին է, քան պարզապես սպորտը։ Երկրորդ գիրքը կանանց համար կլինի։ Այնտեղ կլինեն իմ գաղտնիքներն ու փորձառությունը, այն, ինչ կատարվել է իմ կյանքում, որպեսզի այլ կանայք չգործեն նույն սխալները։

-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք ամուսնալուծվել եք, քանի որ հանուն Ձեր ապագա ծրագրերի դեմ եք գնացել Ձեր ամուսնու արգելքներին։ Մի՞թե կարող եք հեշտությամբ կորցնել Ձեր սիրելիին` հանուն կարիերայի։

–Ես իրավիճակի ադեկվատության ներքին հասկացողություն ունեմ։ Իհարկե, կարևոր որոշումների դեպքում ես պետք է խորհրդակցեմ իմ տղամարդու հետ։ Սակայն իրականում ես մինչև հիմա կարծում եմ, որ հիմարություն է թույլ չտալ կնոջը կրթություն ստանալ միայն այն պատճառով, որ այդպես ես ուզում։ Կարծում եմ, որ ճիշտ եմ արել, որ ավարտել եմ համալսարանն ու անտեսել նրա բողոքները։

–Հիմա է՞լ եք նույն սկզբունքով առաջնորդվում։

–Այժմ ինձ համար դեռ կարևոր է ինքնադրսևորումը։ Իհարկե, ես կարող եմ ինչ–որ բանից հրաժարվել, որպեսզի նեղություն չտամ տղամարդուն, սակայն եթե ես ցանկանամ չինարեն սովորել և դա օգնի ինձ բիզնեսի զարգացման հարցում, ես կուսումնասիրեմ չինարենը։ Իմ տղամարդը պարտավոր է աջակցել ինձ ինքնազարգացման հարցում։

–Ինչու՞  էիք Ժամանակին թաքցնում Ձեր հարաբերությունները։

–Ինչ–որ չափով դա իմ նախկին ամուսինն էր ցանկանում։ Ինչպես և բոլոր կանայք, ես ցանկանում էի գոռալ իմ երջանկության մասին։ Ես հենց դա էլ անում էի՝ սոցիալական ցանցերը լցված էին իմ հարսանիքի լուսանկարներով։ Ավելի ուշ, երբ առաջին հոլովակն էինք նկարում՝ համաձայնության եկանք, որ իմ սեքսուալ կերպարը հետաքրքիր կլինի տղամարդկանց համար։ Բոլոր տղամարդիկ ցանկանում են մտածել, որ իրենց հավանած կերպարն ազատ է։ Ես ու ամուսինս քննարկել ենք դա։ Հենց նա է առաջարկել թաքցնել մեր հարաբերությունները, որպեսզի հետագայում շոու բիզնեսում ավելի մեծ հաջողություններ ունենամ։ Մենք ջնջեցինք բոլոր լուսանկարները, և ես ազատ աղջիկ դարձա բոլորի համար։ Երբ առաջին տեսահոլովակը թողարկեցինք՝ տղամարդկանց կողմից մեծ ուշադրության արժանացա…

Ապահարզանից հետո ես ստիպված էի լռել իմ նախկին ամուսնու մասին։ Հնարավոր չէ պատմել մեկի մասին, ում մասին ոչ ոք չգիտի։ Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչու եմ տխուր և հոգումս ինչ է կատարվում։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչն է ավելի դժվար՝ թաքցնե՞լ հարաբերությունները, թե՞ ցուցադրել դրանք։ Այդ ամենից  պետք է ինքնուրույն գլուխ հանեի։ Instagram-ը ինչ–որ չափով հոգեբանի նման է։ Ասում են, եթե ցանկանում ես այլևս ցավ չզգալ, պետք է խոսես այդ մասին։ Դու հրապարակում ես անում, ներկայացնում ես քո զգացմունքները, մարդիկ մեկնաբանություններում ինչ–որ խորհուրդներ են տալիս, ու դու թեթևանում ես։ Դա նման է խմբակային հոգեբանական թերապիայի։

Միայն այն ժամանակ, երբ տարիներ անցան, ու ես հաղթահարեցի այդ ամենը՝ սկսեցի խոսել այն մասին, թե ինչ եմ զգացել, երբ ամուսնալուծվում էի։ Դա վերջերս է պատահել, երբ ես ոտքի եմ կանգնել ու հասկացել եմ, որ ամուսնալուծվելու հետ կապված ճիշտ որոշում եմ ընդունել։

-Ձեր կյանքում կա՞ այնպիսի մեկը, ով ընդունում է Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ու չի փորձում փոխել ձեզ։

-Այո, կա։

-Ի՞նչը կարող  է երջանկացնել կնոջը։

-Սիրելի աշխատանքը, սիրելի տղամարդն ու երեխաները։ Ամեն դեպքում այդպես են ասում, ես դեռ չեմ ստուգել։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր