Էդմոն Մարուքյանը կոչ արեց քաղաքացիներին քվեարկել հանուն Հայաստանի ապագայի
Advertisement 1000 x 90

Էդմոն Մարուքյանը կոչ արեց քաղաքացիներին քվեարկել հանուն Հայաստանի ապագայի

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը և կոչ արեց քաղաքացիներին քվեարկել հանուն Հայաստանի ապագայի:

Նա վստահ է, որ նոր տեխնոլոգիաները նվազեցրել են կրկնաքվեարկության, մեկը մյուսի փոխարեն քվեարկելու դեպքերը. դրանք դարձել են գրեթե անհնարին: «Խախտումների մասին լուրերը կապված են գումար բաժանելու հետ, սակայն  իրականում Վանաձորում փող բաժանելը երբեք չի աշխատել և փող բաժանողները գիշերը գլխով հարվածելու են պատին, քանի որ հասկանալու են, որ իրենց բաժանած գումարն արդյունք չի տալիս: Ոչ վանաձորցին, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վաճառվում»,- «Արմենպրես»-ի հարղորդմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը սկսվեց առավոտյան ժամը 08:00-ին: Բացվեցին հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,46 տոկոսը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2009 տեղամասերից ստացված արդյունքների հիման վրա հայտարարում է, որ քվեարկությանը մասնակցել է 865 հազար 884 քաղաքացի: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացի:

Հաշվառում չունեցող ընտրողների թիվը 915 է: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայողներ: Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանում է 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և հետևում 55 դիտորդական կազմակերպություն:

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցում են քաղաքական 9 ուժեր, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:



Նման նյութեր