Հայկական շոու բիզնեսը նոր անուն ունի՝ Նոնա Համբարյան: Երիտասարդ երգչուհին օրերս ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը, որը նկարահանել է իր հեղինակային «Don’t Lose Your Faith» երգի հիման վրա:
Life.panorama.am-ի հետ զրույցում Նոնան պատմեց, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել այս ասպարեզ մուտք գործել որակյալ աշխատանքով, այդ իսկ պատճառով էլ Հայաստանում երգը բարձրակարգ մասնագետների օգնությամբ ձայնագրելուց հետո որոշել է երգի Mastering-ի համար դիմել եվրոպացի մասնագետների.
««Don’t Lose Your Faith» երգի Mastering-ն իրականացվել է Շվեդիայում՝ հայտնի «Monster Lab Audio» կազմակերպության կողմից, մասնավորապես՝ «Mastering Engineer Eric Broyhill»-ի կողմից, ով աշխատում է բազմաթիվ աշխարհահռչակ աստղերի հետ:
Տեսահոլովակն էլ որոշեցինք նկարահանել Մոսկվայում ու վստահել FD Prodaction-ին: Մենք ցանկություն ունեինք տեսահոլովակը չծանրացնել ավելորդ սյուժետային գծերով, ուզում էինք, որ այն լիներ մինիմալիստական լուծումներով: Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հորեղբորս՝ Ռուբեն Շահբազյանցին, ում օգնությամբ նկարահանեցինք տեսահոլովակս, նաև եղբորս՝ Գարիկ Համբարյանին, ով զբաղվում է իմ պրոդյուսինգով և ամեն հարցում կողքիս է»,- նշեց երգչուհին:
Օրեր առաջ «Don’t Lose Your Faith» տեսահոլովակի շնորհանդեսը իրականացվել է նաև համաշխարհային շոու բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող «VEVO» վիդեոկայքում: Հետաքրքրվելով թե ինչպե՞ս է երիտասարդ երգչուհուն հաջողվել համագործակցել նման հայտնի ընկերությունների հետ, պատասխանեց.
«Ամենն իրականացրել է եղբայրս: Նա նամակ էր գրել թե «Monster Lab Audio կազմակերպությանը», թե «VEVO»-ին, որոնք էլ ծանոթանալով իմ աշխատանքին, միասին համագործակցելու համաձայնություն էին տվել: Ուրախ եմ, որ նրանք ևս հավանել են այն, ինչ ես արել եմ: Իսկ ես փորձել եմ երաժշտական մասով ու առհասարակ բարձր մակարդակով ներկայանալ»:
Երգի խոսքերի հեղինակը Սյուզաննա Խանզադյանն է: Հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է երգչուհին որոշել առաջինը անգլերենով ներկայանալ, նկատեց.
«Ես մեծ երազանք ունեմ՝ փորձել աշխատել ոչ միայն հայ հանդիսատեսի համար: Անգլերենը շատ ավելի լայն մասսաներին հասկանալի կլինի, գուցե կարողանամ սիրվել նաև եվրոպացի հանդիսատեսի կողմից: Թեև, ինչ խոսք, առջևում շատ աշխատանքներ են սպասվում և հաստատ հայերեն կատարումներ ևս կլինեն»:
Մեզ հետ զրույցի վերջում Նոնան նշեց.
«Ծրագրեր շատ կան: Այս պահին ունեմ ևս մի քանի հեղինակային երգեր, որոնց միջև ընտրություն պետք է կատարել ու շատ չանցած, կրկին ներկայանալ հանդիսատեսին: Առջևում կլինեն նաև ոճային փոփոխություններ: Ես ու եղբայրս ամեն բան անում ենք լավ աշխատանքներ ստեղծելու համար: Չենք խնայում ոչինչ ու հուսամ, որ մեր աշխատանքն իր հաճելի պտուղները կտա»:
life.panorama.am