Դրակուլա
Advertisement 1000 x 90

Դրակուլա

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում պատմում է հանրահայտ կոմս Դրակուլայի մասին:

«Նրա անունը շատերի մոտ սարսափ է առաջացնում: Նրա համբավին կնախանձեին պատմական շատ գործիչներ: Անգամ նրա ժամանակակիցը` Ֆրանսիայի մարշալ Ժիլ դե Ռեն իր արյունարբու նախճիրներով մնաց ստվերում: Սարսափազդու այս անունը շատերի կարծիքով սոսկ իռլանդացի գրող Բրեմ Ստոկերի երևակայության արդյունք է: Անձամբ Բրեմ Ստոկերը «Սև լուսաբաց» միստիկ, աղանդավորական կազմակերպության անդամ էր, որն զբաղվում էր միստիկ, սատանայապաշտ գործունեությամբ: Սակայն, այնուամենայնիվ, Դրակուլա անվամբ մարդ եղել է, չնայած ոչ մի աղերս չի ունեցել վամպիրների հետ…

Լինելով պատմական իրական կերպար` նա նվիրված էր իր հայրենիքին, իր ժողովրդի արժանի զավակն էր և իսկական հերոս: Սակայն, պատմությունը միշտ չէ, որ արդարացի է գտնվել իր հերոսների հանդեպ, և հաճախ նրանց կերպարն աղճատվել է մտածածին, գուցե և իրական, բայց չափազանցեցված պատմություններով: Իրականում ով է նա` կոմս Դրակուլան:

Ռումինական իշխան Վլադ Տեպեշը ծնվել է 1430 թվականին Տրանսիլվանիայի Սիգիշոար փոքրիկ քաղաքում: Նա Վալախիայի Վլադ Բ Դրակուլ /Դրակոն/ իշխանի, որ հայտնի էր նաև Վլադ Բեսարաբացի անվամբ, ավագ որդին էր: Դրակուլա նշանակում է Դրակոնի /Վիշապի/ որդի, իշխան Վլադ Բ այդ անվանումն ստացել է 1408 թվականին Սիգուզմունդ Լյուքսեմբուրգցուց, երբ մտավ Դրակոնյան օրդենի մեջ: Օրդենի մեջ մտած ասպետները Վիշապապատկեր վզնոց էին կրում: Այս օրդենի հիմնադիրը Հունգարիայի թագավորն էր, որ իր շուրջ հավաքեց հայրենասեր ասպետների` երկիրը թուրքական գերությունից ազատելու համար:

Փոքրիկ իշխանազնին ծանր մանկություն ու պատանեկություն է բաժին հասել: Վալախիան և Տրանսիլվանիան հեծում էին թուրքական լծի տակ: 1443 թվականին թուրքերը պարտության մատնեցին Վլադ Բ և պատանդ տարան նրա պատանի որդուն: Իշխանազն Վլադ Տեպեշը թուրքական գերության մեջ անցկացրեց չորս տարի:

1448 թվականին վարձկանները սպանեցին Վլադ Բ Դրակուլային և երիտասարդ իշխանազունը վերադարձավ թուրքական գերությունից: Սկզբնական շրջանում հուսահատությունը նրան վանք նետեց, ուր փորձեց ճգնությամբ անցկացնել կյանքը, սակայն շատ չանցած ուշքի գալով` լծվում է գործի: Ով գիտի, միգուցե իշխան Դրակուլան նախապես էր քվում ապագա մեղքերը…
Իր գահակալության օրն իսկ խորամանկությամբ իր մոտ է հրավիրում հոր և եղբոր սպանության մեղավորներին ու ձերբակալելով` 500 հոգու` բոլորին ընտանիքներով հանդերձ դատապարտեց տանջալից մահվան:

Վերադառնալով գերությունից նա ամրացավ Բրան ամրոցում և անմիջապես ձեռնամուխ եղավ ռումինական ժողովրդի ազատագրման գործին: Իր պայքարում նա հենվում էր հասարակ ժողովրդի վրա, ուր ուներ մեծ սեր ու աջակցություն: Նա զինում էր գյուղացիներին, քաղաքաբնակներին, ամենում նրանց պատրաստում էր պայքարի ու ապստամբության:

Սակայն բոլորը չէ, որ սիրում էին Դրակուլային: Նրա դաժանությունն ու մեթոդները իհարկե ոչ մի տրամաբանության չէին ենթարկվում: Իր կալվածքում թշվառությունից և աղքատությունից մարդկանց ազատելու համար նա հրամայեց հրավիրել բոլորին դղյակ և սպանեց նրանց` բոլորին այրելով դղյակում:

1461 թվականին իշխան Վլադ Գ Դրակուլան հրաժարվեց վճարել տարեկան հարկերն ու ապստամբության դրոշ բարձրացրեց Օսմանյան Թուրքիայի դեմ: Հաջորդ` 1462 թվականին նա ջախջախեց Վալախիայի վրա արշավող սուլթան Մեհմեդ Բ զորքերը: Սակայն թուրքական նենգությունն ու նուրբ դիվանագիտությունն արեց իր սև գործը. Վլադ Դրակուլայի դաշնակիցները կուրացած թուրքական ոսկու փայլից` փորձեցին մատնել նրան թշնամու ձեռքը: Իշխանն ստիպված էր փախուստի դիմել Հունգարիա: Սակայն նրա պայքարը թուրքերի և հայրենիքի դավաճանների դեմ շարունակվեց:

Իր պայքարում նա կանգ չէր առնում միջոցների առջև: Բնածին ատելությունը դեպի թուրքերը և հայրենիքի դավաճանները Դրակուլային մղում էին ծայրահեղ քայլերի. հրապարակային մահապատիժներ, կտտանքներ, խմբակային սպանություններ, որոնց կնախանձեր արյունարբու ոսոխն անգամ: Դրակուլան թուրքերի դեմ պայքարում էր թուրքական մեթոդներով: Կանգ չէր առնում անգամ կանանց և երեխաների սպանդ սարքելու փաստի առաջ:

Նա սիրում էր տանջաքննության ենթարկել կասկածելի մարդկանց. իր ձեռքով կտտանքի էր ենթարկում նրանց: Հաճախ էր ողջակիզում, քառատում… և դրանից մեծագույն հաճույք էր ստանում: Որպես կանոն` նա իր դատավճիռները իրականացնում էր մասսայաբար:

Մի անգամ նա հրամայեց մեխել չալմաները… թուրքական դեսպանների գլխին, որոնք հրաժարվել էին գլուխ խոնարհել Վալախիայի տիրակալի առջև:

Նա հիրավի հաճույք էր ստանում` տեսնելով թշնամիների տառապանքը, և ժամանակակիցների հուշերում մնացել է որպես աշխարհի ամենաարյունարբու տիրակալը: Դրակուլայի դաժանությունը հասնում էր նրան, որ նա անգամ կարող էր ճաշել իր թշնամիների դիակների վրա նստած:

Ընդ որում, Դրակուլան դաժանորեն հաշվեհարդար էր տեսնում բոլորի հանդեպ, ով մեղանչում էր. անկախ տարիքից, սեռից, սոցիալական դրությունից: Նրա սիրած զբաղմունքն էր միաժամանակ մահապատժի ենթարկել հազարավոր թուրքերի և հիանալ այդ տեսարանով:

Բոլոր դեպքերում Դրակուլայի մեթոդները տվեցին իրենց արդյունքը: Վալախիայից վերացավ ավազակությունը, գողությունը: Ավանդույթը պատմում է, որ նրա կառավարման տարիներին աթոռանիստ Տիրգովիշիտ քաղաքի հրապարակում մեծ ոսկյա գավաթ էր դրված, որով յուրաքանչյուրը կարող էր ջուր խմել: Եվ Վալախիայի ահեղ տիրակալի ահից ոչ ոքի մտքով չէր անցնում գողանալ ոսկյա գավաթը:

Բացի այդ, Դրակուլան նաև ուղղափառ եկեղեցու հետևորդն ու պաշտպանն էր: Նրա կառավարման տարիներին ոչ մեկ Ռումինիայում չէր համարձակվում իսլամ ընդունել. ավելին, կաթոլիկ միսիոներներն էլ հեռու էին փախչում իշխան Դրակուլայի տիրապետությունից` լավ իմանալով, թե հոգեորսության համար ինչ է սպասվում իրենց Վալախիայում: Վլադ Դրակուլայի մեթոդները արդյունավետ էին նաև աղանդավորության դեմ պայքարում…

Չնայած անմարդկային դաժանությանը` իշխան Վլադ Տեպեշ Դրակուլան վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը. նա իր ժողովրդին մատուցել էր ամենակարևորը` ազատություն թուրքական լծից և… արդար կառավարում: Վլադ Դրակուլան դաժան էր, բայց և արդարադատ:

Իսկ այն, որ Դրակուլային վերագրում են, իբր նա վամպիր է, սոսկ գեղարվեստական ստեղծագործության արգասիք չէ: Բանն այն է, որ իր ժամանակակիցների և մեր պատկերացումները վամպիրների մասին բացարձակապես տարբեր են. Դրակուլայի ապրած ժամանակներում վամպիր անվանումը ունեցել է նաև արյունարբու իմաստ: Հետևաբար, ժամանակակիցները Վլադ Դրակուլային կոչելով վամպիր, նկատի են ունեցել, որ նա արյունարբու և դաժան տիրակալ էր:

Հայտնի է, որ Դրակուլան ամուսնացած է եղել:

Երիտասարդ իշխան Վլադ Դրակուլան Հունգարիայում ծանոթանում է իշխանուհի Լիդիայի հետ, որն ուզում էր մենաստան գնալ` կուսության: Սիրահարվելով նրան` Դրակուլան համոզում է փոխել որոշումը, որպեսզի ամուսնանան: Սակայն շուտով Լիդիային սպանում են թուրքերը… Ողջ կյանքում Լիդիայի մասին հիշողությունները տանջեցին իշխանին, և նա առիթը բաց չէր թողնում` դաժանաբար լուծելու իր վրեժը թուրքերից:

Սակայն հիշատակություններ կան նաև նրա դժբախտ սիրո մասին… որ դարձյալ հեղեղված է արյունով:

Վլադ Դրակուլան սիրուհի ուներ: Մի անգամ, երբ իշխանի սիրուհին կատակով ստում է, թե հղի է, իմանալով ճշմարտությունը, Դրակուլան իր ձեռքով սրախողխող է անում նրան:

1476 թվականին նրա դեմ դարձյալ դավ նյութեցին հայրենակիցները: Շրջապատելով իշխանին տաս հոգով` նրա վրա հարձակվեցին սրերով: Վլադ Դրակուլան ֆիզիկապես ուժեղ էր և հմուտ էր սրամարտում: Նա կարողացավ տապալել իր ոսոխներից հինգին: Բայց ուժերն անհավասար էին…
Հաղթանակած ճիվաղները Դրակուլայի գլուխը ի ցույց դրեցին ժողովրդին, ապա մեղրի մեջ պարուրելով` ուղարկեցին թուրքական սուլթանին նվեր: Արյունարբու հերոսի դիակը թաղեցին հայրենի ամրոցում` եկեղեցու բեմի դիմաց:

Իշխանուհի Լիդիան Վլադ Դրակուլային հասցրեց երկու որդի պարգևել. Նրանցից ավագը` Վլադ Մոնախը հեզաբարո մարդ էր: Հոր եղերական մահից հետո իշխանազնը, որ վանքում մենակյաց էր, ժառանգեց իշխանությունն ու կառավարեց 1481-1507 թվականներին: Նրա մահից հետո Վալախիայի իշխանության գահն անցավ Դրակուլայի կրտսեր որդուն` Միխնյա Չարին, որ իր գործելաոճով հոր արժանի ժառանգն էր…

20-րդ դարում գիտնականները բացեցին Դրակուլայի գերեզմանը` պեղումներ կատարելու նպատակով: Գերեզմանի մեջ… կենդանու ոսկորներ էին… Ուր անհետացան Դրակուլայի մարմինն ու ոսկորները: Արդյոք նրա մարմինը վամպիրի կերպարանքով թափառում է երկրե երկիր…»:



Նման նյութեր