Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակով կառաջադրվի նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ նախորդ օրը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշի չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, ապա ինքը դեմ չէր լինի քննարկել «Ելք»-ի հետ իր մասնակցությունը:
«Այսօր զանգեց Էդմոն Մարուքյանը և ասաց, որ իրենք քննարկել են իմ առաջարկը և հրավիրում են ինձ առաջին տասնյակ, և ես, իհարկե, հրավերն ընդունել եմ «Ելք»-ի հետ մասնակցել ավագանու ընտրություններին»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով՝ այս չորս տարիներին հսկայական փորձ ունի կուտակած, և գործեր կան, որոնք պետք է շարունակել. «Ուրախ կլինեմ, եթե «Ելք»-ի ավագանու երիտասարդների հետ մեր թիմը ավագանիում լուրջ կշիռ ունենա և կարողանա վերահսկողություն իրականացնել քաղաքապետի գործունեության նկատմամբ: Այնպես որ, անելիքներ կան»,- հավելեց նա: