Դռնբացեքի անկրկնելի արարողությունը
Advertisement 1000 x 90

Դռնբացեքի անկրկնելի արարողությունը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնակարգի մեջ մի գեղեցկագույն ծիսական արարողություն ունի՝ ԴՌՆԲԱՑԵՔԸ, որ միշտ կատարվում է Ծաղկազարդի Կիրակիի երեկոյան՝ ժամերգության ավարտին (ծիսակարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ): Հոգեզմայլ շարականներով, Սուրբգրային՝ միտքն ու հոգին սթափեցնող տեղիներով զարդարված այս արարողությունը կարծես խորհրդավոր նախամուտք լինի, որ ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը: Այն կոչվում է «դռնաբացեք» (թրգմ. դուռ բացելու արարողություն), քանի որ անմիջականորեն կապ ունի դռան հետ. դռնբացեքը որպես կանոն կատարվում է եկեղեցու դռների առաջ, երբեմն նաև եկեղեցու գավթի դռան առաջ (այսօր հաճախ կարելի է տեսնել նաև Խորանի վարագույրի առաջ կատարվող արարողությունը): Այդ դուռը կամ վարագույրը խորհուրդն ունեն Երկնքի արքայության դռների, որոնցից դեպի դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել դեպի Արքայություն: Դռների կամ վարագույրի հակառակ կողմից մեկ այլ հոգևորական, ասես Աստվածային ձայնը խորհրդանշելով, հարց ու պատասխանի մեջ է մտնում «արտաքին աշխարհում» մնացածների հետ, ինչի արդյունքում ծիսակարգի ժամանակ մեր առջև է կանգնում Ահեղ Դատաստանի այս գեղեցիկ մանրակերտը, որ այժմ ներկայացնում եմ արևելահայերեն փոխադրումով.

Ժամերգության ավարտին զգեստավորված քահանան աղիողորմ ձայնով (քանի որ երկրորդ գալուստի և դատաստանի օրվա խորհուրդն է) սկսում է երգել:

– Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր  զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ:

Եվ քահանաներից մեկը ներսից պատասխանելով ասում է. – Ո՞վ են սրանք, որ բացեմ, քանի որ այս դուռը Տիրոջինն է, և արդարներն են մտնում սրանով: Եվ քահանան դրսից պատասխանում է.

-Ոչ միայն արդարն են մտնում, այլ նաև մեղավորները՝ խոստովանությամբ ու ապաշխարությամբ արդարանալով:

Ներսից ասում է.

– Որովհետև սա դուռն է երկնքի և հովիտը տրտմության, որն Աստված ուխտեց Հակոբին՝ արդարների հանգստարան, մեղավորների քավարան, Քրիստոսի արքայարան, հրեշտակների բնակարան. սրբերի ժողովարան, ապավենի քաղաք և Աստուծո տուն:

Քահանան դրսից`

– Սուրբ Եկեղեցու մասին ասածներդ ճիշտ են և արդար, որովհետև մեզ համար այն անարատ մայր է և նրանից ենք ծնվում որպես լույսի և ճշմարտության զավակներ և այն մեզ համար կյանքի հույս է և նրանով ենք գտնում հոգու փրկությունը, այն մեզ համար արդարության ճամփա է, և նրանով ենք ելնում մեր երկնավոր հոր՝ Քրիստոսի մոտ: Այստեղ երգվում է «ԻՄԱՍՏՈՒՆ ԿՈՒՍԱՆՔ» շարականը: Ավարտելով՝ քահանան դրսից սկսում է. – Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր  զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ:

Ներսից ասում է.

– Ահա տեսնում ենք մեր Տիրոջը՝ Քրիստոսին, որ բազմած է Սուրբ Սեղանի վրա և իր մոտ է կանչում բոլոր Իր կամքը կատարողներին՝ ասելով «Ուր որ ես եմ, այնտեղ էլ իմ հետևորդը պիտի լինի»:

Քահանան դրսից ասում է.

– Մենք Աստվածորդու անապական Արյան գինն ենք, ցնծությամբ օրհնում ենք մեր Փրկչին՝ Քրիստոսին, և միաբերան ասում ենք. «Փառք սոսկալի գալստյանդ, Տե՛ր»: Այստեղ երգվում է «ԹԱԳԱՒՈՐ ՓԱՌԱՑ» շարականը:

Եվ ապա քահանան դրսից սկսում է.

– Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր  զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ:

Ներսից՝

– Ահեղ Աստծո փողը մեծաձայն գոչում է՝ ասելով. «Ահա Փեսան գալիս է, եկե՛ք Նրան ընդառաջ»:

Եվ քահանան դրսից ահով և դողությամբ ասում է.

– Ահա ես և Աստծո ինձ տված զավակներս այստեղ ենք և ակնկալում ենք տեսնել Քրիսոտոսին և լսել նրա երանավետ խոսքը:

Ներսից՝

– Արարիչ Աստուծո ձայնը գոչում է՝ ասելով. «Եկեք իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»: Եվ ապա քահանան դրսից ասում է.

– Բացե՛ք ինձ արդարության դռները, որպեսզի նրանով մտնեմ և Տիրոջը խոստովանեմ: Եվ բացվում են դուռը, և ամբողջ ժողովուրդը հոգևոր ուրախությամբ մտնում է եկեղեցի: Երգվում է «ԶՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՔՈ ԶԴՈՒՌՆ ԲԱՑ ՄԵԶ ՏԷՐ» շարականը և շարունակաբար ընթերցվում են Ավետարանի գրքերը:

sarkavagagirq.net