Facebook-յան իր գրառումը Սյունե Սևադան նվիրել է իր փոքրիկ հարևանուհուն:
Դիմացի բնակարանում ապրող, մի քանի ժամ առաջ ութ տարեկան դարձած Մաշոկն արդեն քանի տարի ա՝ մեր ընտանիքին կոնկրետ անունով ա կնքել՝ «մարգարիտաներ»: Ու էնքան քաղցր ա մեզ դիմում, որ պապայի աչքերի փայլը պատի հակառակ կողմից երևում ա, երբ Մաշոկն ասում ա «մարգարիտաներ ձյաձյա»: Դե տղա ես՝ մի հալվի, ասա՝ անունս այլ ա: Չես կարող:
Ընդհանրապես, շատ դժվար ա դիմակայել Մաշոկին եփելու ու ուտելու գայթակղությանը: Փողոցի հակառակ ծայրում ինձ տեսնելիս ոտքը կախ ա գցում, որ միասին հինգ աստիճան բարձրանանք: Ես պարել-թռվռալով մոտենում եմ, ինքն ականջակալներիս երաժշտությունը չի լսում, բայց ինձնից լավ ա տրամադրությունը բռնում ու սկսում կրկնել: Ասում եմ՝ գնացի՞նք տուն, ձայն չի հանում, իր բոյի պայուսակը շալակած բարձրանում ա հետս: Ընդամենը հինգ աստիճան, կարևորը՝ միասին: Բարևում ես՝ չի պատասխանում, հետդ չի խոսում, չի շփվում: Բայց փայլուն աչքերով նայում ա քեզ: Ուղղակի նայում ա քեզ: Հիացած, հետաքրքրված, հաճույքով: Հետո վազելով փախնում ա՝ բարձր ծիծաղելով:
Երբ հարևաններով հավաքվում ենք սրճելու ու բլբլալու, գալիս, նստում ա մեր կողքին ու հերթով դեմքին փորձում բոլորիս միմիկաները: Մի օր հոգնեց մեր բողոքներից, եկավ շորիցս քաշեց, ասաց՝ մարգարիտաներ, կգա՞ս՝ գնանք նկարենք: Հինգ էջ նկարեցինք: Էդպես ես դարձա մեր տան՝ իր ամենասիրելի մարգարիտաները:
Հենց գնում ենք իրենց հետ թեյելու, Մաշոկը դասավորում ա մատիտները, ներկելու տետրերն ու մի ոտքից մյուսը ճկվելով, եղբոր ոտքից քաշքշելով ու մուննաթին քույրաբար-լուռ արձագանքելով, մամայի վրա իջնել-բարձրանալով սպասում՝ երբ կհոգնեմ ինձ մեծի տեղ դնելուց, ու ուշադիր դեմքիս ա նայում: Հենց ձեռքս տանում եմ հեռախոսին, ուրեմն՝ հոգնեցի: Հայտնվում ա կողքս. մարգարիտաներ, արի:
Մի քանի ժամ առաջ գնացինք ծնունդին: Մաման ասում ա՝ Մաշոկ, ոչի՞նչ, որ մենք էլ ենք եկել: Դեմքը ծամածռեց, բան չի ասում, իբր՝ դե լավ, հիմա որ եկել եք, հո հետ չե՞մ ուղարկի: Ինձ փաթաթվել ա, ուրախ նայում ա դեմքիս, բան չի խոսում: Հետո ինքն էլ զարմացավ՝ ոնց ռիսկ արեց գրկելու, արագ բաց թողեց, ամաչելով փախավ ընկերուհիների մոտ: Ինձ նստացրին մեծերի հետ: Մոտ չի գալիս, խորը հիասթափված դեմքիս ա նայում: Մի պահ քաշվեցի կողք։ Իբր պատահական ուսումնասիրում ա պատը, բայց մոտ-մոտ ա անում: Ասում եմ՝ Մաշոկ, ինչ սիրուն ես էսօր: Չլսելու ա տալիս, բայց բազմաբովանդակ ժպտում ա, էս ինչ հետաքրքիր պատ ա: Չեմ հանձնվում՝ շատ-շատ սիրուն ես: Էլ չի դիմանում. վարդագույն շորիկն աջ-ձախ ա անում ու կոկետավարի ժպտում: Ասում եմ՝ էն մայկայից բացի մամայիդ գումար եմ տվել, ի՞նչ ես ուզում քեզ առնեն, ասա, որ հենց դա էլ առնեն: Թիթիզավարի ծիծաղեց, մազերը շատ կանացի ժեստով ուղղեց, նայեց ինձ, տեղում մի քանի անգամ պտտվեց, աչքերը կկոցեց. «Կամազ» եմ ուզում»:
Ծնունդդ շնորհավոր, մաշոկներ: