Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ավանդական ծիսակատարություն կկատարի Պալյանո քաղաքի (Ֆրոզինոնեի նահանգ) բանտում: Այդ մասին ապրիլի 13-ին հայտնել են իտալական ԶԼՄ-ները:
Ծիսակատարության ընթացքում Ֆրանցիսկոս պապը կլվանա, կսրբի ու կհամբուրի մի քանի բանտարկյալների՝ մաֆիայի նախկին անդամների ոտքերը, որոնք զղջացել են իրենց կատարած հանցագործությունների համար:
«Սխալվելու իրավունք ունեն բոլորը: Մենք բոլորս էլ այսպես, թե այնպես սխալվել ենք»,- ասել է քահանայապետը La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում:
Ֆրանցիսկոս պապը նաև նշել է, որ հասարակայնությունն «այնքան էլ հավատ չի ընծայում նախկին կալանավորների ռեաբիլիտացիային և հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: