Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տնկարանային տնտեսություններում արտադրված ծիրանի, կեռասի և դեղձի տնկիները չեն դիմացել անցած ձմռան խստաշունչ ցրտերին և ցրտահարվել են ամբողջությամբ:
Ինչպես տեղեկացրեց ծովինարցի այգեգործ Խաչիկ Տեր-Հովսեփյանը, ձմռան փորձությունը հաղթահարել են խնձորի, տանձի, սալորի և ընկույզի տնկիները:
«Ցուրտ ու երկարատև ձմեռ էր, որը վնաս հասցրեց նաև մեր գյուղում գործող մի քանի տնկարանային տնտեսություններին: Ո՞վ էր տեսել, որ Սևանա լիճը մինչև ապրիլի 12-ը սառցակալած մնա: Հազարավոր տնկիներ են ցրտահարվել` հիմնականում ծիրանը, կեռասը և դեղձը: Այնուամենայնիվ, ցրտին դիմացել են խնձորը, տանձը, սալորը և ընկույզը: Հիմա Ծովինարում, բոլոր տնտեսությունները միասին վերցրած, արտադրել են մոտ 35-40 հազարի չափ տարբեր ծառատեսակների տնկիներ, որոնք արդեն հանում ենք վաճառքի»,- իրավիճակը ներկայացրեց Խաչիկ Տեր-Հովսեփյանը:
Գեղարքունիքում այգեգործական նպատակներով համատարած ծառատունկը կմեկնարկի ապրիլի 20-ից հետո, եղանակի տաքանալուն պես:
Խոսրով Խլղաթյան