Eritasard.am-ի զրուցակիցն է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտում բոլորովին վերջերս ձևավորված մոլեկուլային մակաբուծաբանության գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Սարգիս Աղայանը, ով հաղթող է ճանաչվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում:
Ճանապարհ՝ դեպի գիտություն
Գուցե զարմանալի լինի, բայց մասնագիտության ընտրությունն ինքնաբուխ է եղել, ինչի համար, սակայն, երբեք չեմ զղջացել: Միշտ նախընտրել եմ ֆիզիկամաթեմատիկական առարկաները, սակայն պատասխանատվությամբ պայմանավորված՝ լավ էի սովորում նաև կենսաբանությունը, և այդ առումով մեծ էր ուսուցչուհուս դերը: Դպրոցական տարիներին բավականին ակտիվ էի, մասնակցում էի տարբեր մրցույթների, առարկայական օլիմպիադաների, ունեմ մի շարք պատվոգրեր՝ հիմնականում ստացած կենսաբանության օլիմպիադաներում: Հետագայում ընտրեցի մի մասնագիտություն, որտեղ ֆիզիկան, մաթեմատիկան, կենսաբանությունը հատման եզրեր ունենան, և ընդունվեցի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժին: 3-րդ կուրսից հրավիրվեցի աշխատելու ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և մինչև մագիստրատուրան ավարտելն աշխատեցի նույն լաբորատորիայում:
Ասպիրանտուրան շարունակեցի ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ընդհանուր հելմինթալոգիայի և մակաբուծաբանության լաբորատորիայում: Միաժամանակ ասպիրանտուրայի երկրորդ տարվանից աշխատում էի ԵՊՀ կենդանաբանության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ: Այստեղ հնարավորություն ստացա որպես ասպիրանտ ներգրավվելու հայ-պորտուգալական գիտական ծրագրում և մոտ երկու տարի աշխատեցի Պորտուգալիայում՝ զբաղվելով թռչունների արյան մակաբույծների ուսումնասիրությամբ: 2012 թ.-ին պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս և առ այսօր շարունակում եմ աշխատել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտում և ԵՊՀ կենդանաբանության ամբիոնում՝ որպես գիտաշխատող:
Շուրջ 1 ամիս առաջ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտում իմ ղեկավարությամբ ստեղծվեց մոլեկուլային մակաբուծաբանության գիտական խումբ, որի անդամները բավականին ակտիվ գործունեություն են ծավալել նախքան խմբի ստեղծումը: Ի թիվս բազմաթիվ այլ աշխատանքների՝ 1 տարի զբաղվել ենք Ղրիմ-Կոնգո հեմորագիկ տենդի ուսումնասիրությամբ, որի արդյունքները շուտով կհրապարակվեն:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ–ն ինը տարեկան է…
2008 թվականն էր: Ես և ՀԿ-ի համահիմնադիր Արսեն Գասպարյանը դեռևս սովորում էինք մագիստրատուրայում, նաև միասին մարզվում էինք: Եվ ահա հերթական պարապմունքից վերադառնալու ճանապարհին զրույց բացվեց այն մասին, որ Հայաստանում կենսաբաններին համախմբող կառույց ստեղծելու անհրաժեշտություն կա: Մենք արդեն իսկ բավականին ակտիվ գործունեություն էինք ծավալում, սակայն այդպիսի կառույցի կարիքն իսկապես մեծ էր:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ստեղծման պահից բազմաթիվ բնապահպանական և գիտակրթական ծրագրեր է իրականացրել:
Մեր առաջին միջոցառումներից կառանձնացնեի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կայացած Միջազգային ուսանողական կենսաբանական գիտաժողովը, «Darvin now» շարադրությունների մրցույթը՝ նվիրված Չարլզ Դարվինի ծննդյան 200-ամյակին, որն իրականացվեց Բրիտանական խորհրդի հետ, իսկ մրցույթի երեք հաղթողները մասնակցեցին Լոնդոնում կայացած ուսանողական միջազգային գագաթնաժողովին:
2010 թ.-ին ստացանք մեր առաջին դրամաշնորհը և «Երկրի օր» միջազգային բնապահպանական օրվա կապակցությամբ 4 լայնամասշտաբ ծրագրեր իրականացրինք: Նույն թվականին ստացանք նաև 2-րդ դրամաշնորհը, որի շրջանակում 2011 թ.-ին Եվրոպայի կենսաքիմիական ընկերակցությունների դաշնության հետ (FEBS) կազմակերպեցինք դասախոսությունների շարք: Դա, անշուշտ, ոգևորիչ էր մեզ համար: Հայաստանում հյուրընկալեցինք 14 աշխարհահռչակ գիտնականների, այդ թվում` Նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթին: Նրանք, գալով Հայաստան, փնտրում էին միջոցառման կազմակերպիչներին և դժվարությամբ էին հավատում, որ մենք, լինելով այդքան երիտասարդ, կարողացել ենք այդպիսի լայնամասշտաբ միջոցառում կազմակերպել:
2013 թ.-ի կարևորագույն միջոցառումներից էր «Let’s Do It!» համաշխարհային էկոլոգիական շարժման շրջանակում իրականացված աղբահավաքը: Փորձեցինք ներգրավել ՀՀ բոլոր մարզերը, 50-ից ավելի կազմակերպություններ, և 2500-3000 հոգի ամբողջ ՀՀ-ում միաժամանակ աղբահավաք իրականացրին:
Մեծ հնչեղություն ստացավ «Ճանաչի՛ր Հայաստանի անտառները» խորագրով միջոցառումը, որն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Յուրաքանչյուր տարի մենք յուրովի ենք նշում «Երկրի օր» միջազգային բնապահպանական օրը, «Կենսաբազմազանության օրը», «Ցատկ Հայաստան» բնապահպանական արշավը և բազմաթիվ այլ միջոցառումներ:
2016 թվականը՝ ամենաբեղմնավոր ժամանակահատված
2016-ը մեր գործունեության, կարելի է ասել, ամենահագեցած ժամանակահատվածներից էր: Իրականացվել են ավելի քան 20 միջոցառումներ: Բնապահպանական միջոցառումներից առաջինը «Երկրի օր» միջազգային բնապահպանական օրվա կապակցությամբ «Սևան» ազգային պարկի տարածքում կազմակերպված հանրային աղբահավաքն էր, 2-րդը՝ «Մեծ ցատկ» անվամբ գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավի շրջանակում իրականացված «Ցատկ Հայաստան 2016» բնապահպանական արշավը, որի ընթացքում ջրային ռեսուրսների վերաբերյալ կազմակերպվեցին սեմինարներ, լաբորատոր փորձեր, իսկ ամփոփիչ միջոցառման ժամանակ ծրագրի մասնակից երիտասարդները միասին ցատկեցին Սևանա լիճը:
Ամենամասշտաբային միջոցառումը, թերևս, էկոտուրիզմի փառատոնն էր, որը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունների և այլ գործընկերների համատեղ ջանքերով առաջին անգամ իրականացվեց Հայաստանում: Փառատոնը տեղի ունեցավ Վայոց ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում: Նպատակն էր առավել ճանաչելի դարձնել այդ վայրերը և բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
2016 թ.-ին որպես գործընկեր մասնակցեցինք նաև «Batumi raptor count» ծրագրին, 9 երիտասարդներ Հայաստանից Բաթումիում մասնակցեցին դասընթացների, ինչպես նաև գիշատիչ թռչունների հաշվարկին, որոնց մեծ կուտակումներ են լինում այդ վայրում:
Նախորդ տարվա միջոցառումներից էր նաև «Մոլեկուլային ֆիլոգենիայի ներածություն» թեմայով ուսումնական դասընթացը, որն իրականացվեց գերմանացի գործընկերների հետ:
Գիտական ծրագրերից էլ կառանձնացնեի Համահայկական գիտական համաժողովը, որը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացվեց ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Էկոտուրիզմի զարգացումը՝ անտառների պահպանության խնդրի այլընտրանքային լուծում
Անտառների պահպանության խնդիրը բոլոր երկրներում խիստ արդիական է, քանի որ այսօր ապօրինի անտառահատումները մտահոգիչ ծավալների են հասնում: Պետական կառույցները շատ դեպքերում ի վիճակի չեն լինում լիարժեք միջոցառումներ իրականացնել այն վայրերում, որտեղ դրա կարիքը մեծ է: Իսկ մենք առաջարկում ենք այլընտրանք՝ էկոտուրիզմի զարգացումը՝ որպես անտառների և այլ բնական էկոհամակարգերի պահպանության խնդրի լուծում: Փորձը ցույց է տալիս. այնտեղ, որտեղ զբոսաշրջիկների հոսք կա, անտառահատումներ և այլ ապօրինի, վնասակար գործողություններ չեն իրականացվում:
Երեք լավագույնները՝ մեկ ՀԿ–ից
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխությունը ողջունելի է: Անկեղծ ասած, չէի սպասում, որ կառաջադրվեմ որպես լավագույն բնապահպան: Մեր կազմակերպությունից առաջադրել էինք Ռազմիկ Սարգսյանի թեկնածությունը, ով բազմաթիվ ծրագրերի համակարգող է: Անակնկալի եկա, երբ իմ անունը տեսա այդ ցուցակում: Ի դեպ, «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում առաջադրված երեք թեկնածուներս նույն կազմակերպությունն ենք ներկայացնում: Դա, իհարկե, մեծ ձեռքբերում է և մեր գործունեության գնահատականը: Մրցույթը ոգևորիչ էր… Իհարկե, կային նաև փոքր թերություններ, որոնք, վստահ եմ, կշտկվեն:
2016 թվականը նշանավորվեց ևս երկու մրցանակներով: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Հայկյան» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց տարվա լավագույն հասարակական կազմակերպություն Երևանում: Ես արժանացա նաև ՀՀ նախագահի շնորհակալագրին՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» գործունեությանն աջակցելու համար:
Չափազանց կարևոր են մեզ համար բոլոր մրցանակները, առավել ոգևորիչ՝ հայրենիքում գնահատվելը, քանի որ միջազգային հարթակում տարբեր մրցանակներ և դրամաշնորհներ ստանալն արդեն իսկ գնահատական էր:
Անելիքներ…
Առաջիկայում բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր ունենք: Ամենաառանցքայինը, թերևս, Երևանի բուսաբանական այգու զարգացմանն ուղղված ծրագրերն են: Ստեղծվել է հատուկ՝ «Աջակցի՛ր Բուսաբանական այգուն» հիմնադրամը, ես հրավիրվել եմ որպես տնօրեն, և հենց այդ հիմնադրամին է վստահվել Բուսաբանական այգում բարեփոխումներ իրականացնելու ծրագիրը:
Իրականացնելու ենք ՄԱԿ-ի ՓԴԾ դրամաշնորհային «Վայոց ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունը էկոտուրիզմի զարգացման միջոցով ծրագիրը», որի շրջանակում զարգացնելու ենք էկոտուրիստական ուղղությունը Վայոց ձորի Զառիթափ համայնքի Գոմք, Արտավան և Սարավան բնակատեղիներում:
Կարևոր միջոցառումներից է նաև էկոտուրիզմի երկրորդ փառատոնը, որը կիրականացվի հուլիսի 8-9-ը. այս անգամ՝ Վայոց ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում: