Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանը Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին կներկայացնի իր նոր ստեղծագործությունը` Day of my dream («Իմ երազելու օրը»): Քյոսայանը այս ստեղծագործությունը գրել է հատուկ Ջազի օրվա կապակցությամբ:
«Ես ելույթ եմ ունենալու այդ միջոցառմանն Hammond B3 երգեհոնով, որը բերել եմ ինձ հետ ԱՄՆ-ից: Առաջին անգամ պետք է հնչի ստեղծագործություն, որը գրել եմ վերջերս` հատուկ : Այն կոչվում է Day of my dream («Իմ երազելու օրը»): Բավականին հետաքրքիր ստեղծագործություն է», – նշեց Գարի Քյոսայանը:
Ապրիլի 30-ին Կասկադ համալիրի տարածքում տեղի կունենա բացօթյա համերգ, որին հանդես կգա նաև Քյոսայանի հայաստանյան քառյակը: Համերգային երեկոյի ընթացքում ունկնդրին կներկայացվեն Գարի Քյոսայանի սիրված և հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև ամերիկյան և այլազգի հայտնի ջազ կոմպոզիտորների գործեր:
Քյոսայանի հայաստանյան քառյակի կազմում հանդես են գալիս նաև Ալլա Սահակյանը (վոկալ), Մարատ Հակոբյանը (սաքսոֆոն), Արթուր Նազարյանը (բաս կիթառ), Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ):
Գարի Քյոսայանը շեշտում է, որ իր համար գերագույն հաճույք է նվագելը ոչ միայն աշխարհահռչակ ամերիկյան ջազմենների, այլև հայ երիտասարդության հետ, ինչը պակաս ոգևորիչ չէ: