Բեռլինում վերջերս կայացած երրորդ միջազգային բնապահպանական կոնֆերանսին մասնակցեց նաև Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, միջազգային կոնֆերանսին մասնակցել են գերմաներենի ուսուցչուհի Ամալյա Հովհաննիսյանը, կենսաբանության ուսուցչուհի Ժաննա Ավագյանը, դպրոցի շնորհաշատ սանուհիներ Նարե Խանդանյանը, Արուսյակ Ներսիսյանը և Ստելլա Աֆրիկ յանը:
«2015 թվականից մեր դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Ամալյա Հովհաննիսյանը համագործակցեց Բեռլինի Գյոթեի անվան ինստիտուտի հետ, անցավ մի շարք վերապատրաստման դասընթացներ, 2015 և 2016 թվականներին մասնակցեց Վրաստանում կայացած «Կրթություն հանուն կայուն զարգացման» խորագրով կոնֆերանսին: Կենսաբանության ուսուցչուհի Ժաննա Ավագյանի հետ համագործակցությամբ ընտրվեց նախագիծ՝ «Մաքուր պահենք Սևանա լիճը» թեմայով: Այն իր մեջ ներառում էր մի շարք խնդիրներ՝ կապված Սևանա լճի էկոլոգիական հիմնախնդիրների, աղտոտվածության և դրանից բխող մի շարք հիվանդությունների առաջացման հետ: Կազմակերպվեցին մի շարք մաքրման ակցիաներ Սևանա լճի որոշ ափամերձ գոտիներում, որոնց ընթացքում աշակերտները կարողացան աղբի, մասնավորապես, պլաստիկ շշերի, թղթի թափոնի վերամշակման արդյունքում ստեղծել տարբեր առարկաներ, իսկ դպրոցում բացվեց ցուցահանդես «Մենք բնության սանիտարներն ենք» խորագրով:
Նման ծրագրի իրականացումն էլ հիմք հանդիսացավ, որ մեր դպրոցի բնապահպանական թիմը հաղթող ճանաչվի և մասնակցի միջազգային բնապահպանական կոնֆերանսին»,- պատմեց դպրոցի տնօրենը: Լճաշենի դպրոցի բնապա հպանական թիմը ոչ միայն գեղեցիկ տպավորություններով, ձեռք բերված գիտելիքներով ու բարձր տրամադրությամբ, պատվոգրով և հուշանվերներով է վերադարձել Գերմանիայի Դաշնությունից, այլ նաև նոր եռանդով է սկսել դպրոցամերձ տարածքի ծաղկապատման, կանաչապատման և ծառապատման աշխատանքները:«Նրանց մոտ ձևավորվել է գեղագիտական ու բնապահպանական նոր ճաշակ, որով էլ ուզում են գեղեցկացնել դպրոցամերձ տարածքը: Արդեն այս օրերի ընթացքում, Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո, նրանք ձեռնարկել են պտղատու այգու հիմնումը՝ տնկելով ավելի քան 100 խնձորի, տանձի ե ւ սալորի տնկիներ»,-հավաստեց Աիդա Մուրադյանը: