Հայաստանի մեկ գյուղում մարտին ամբողջությամբ ավարտվեցին աշխատանքներն` ուղղված արևային էներգիայի օգտագործմանը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ արդեն ունենք առաջին «արևային գյուղ»-ը:
Արմավիրի Լեռնամերձ համայնքում իրականացվեց ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվեց արևային ջրատաքացուցիչներով: Գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի, 25-ի վրա էլ տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային համակարգեր: Միաժամանակ բնակիչներին տրամադրվել են էներգախնայող լեդ լամպեր: Այսինքն՝ գյուղը դարձել է էներգախնայող: Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ 40 մլն դրամ:
«Գյուղապետը պահանջում էր գազիֆիկացում, հաշվարկը ցույց տվեց, որ մեկ բնակչի հաշվով անհրաժեշտ է 1.5 մլն դրամ, որ գազը բերվի տուն: Այլընտրանքը հաշվարկեցինք և տեսանք, որ մեկ բնակչի հաշվով 500 հազարից քիչ ներդրում է պահանջվում: Դրանից բացի, արևային էներգիան այսուհետ իրենց համար անվճար է: Սկզբում բնակիչները չէին հավատում, նույնիսկ կատակով ասում էին, թե «որտեղ են ցանկանում մեզ գցեն», բայց հետո տեսանք, որ արձագանքը բավական դրական է»,-ասաց նա:
Հայկ Հարությունը նշեց, որ բնակիչներին առաջարկել են ստեղծել շրջանառու ֆոնդ, որ նման ծրագրերն այսուհետ շարունակական բնույթ կրեն: