Freedom House-ը՝ ԱՄՆ-ի և աշխարհի ամենահին իրավապաշտպան կազմակերպություններից մեկը, հերթական տարեկան զեկույցն է ներկայացրել այն մասին, թե ինչ վիճակում է մամուլի ազատությունը տարբեր երկրներում:
32 էջանոց փաստաթուղթն ընդգրկում է ամբողջ 2016 թվականն ու ընթացիկ տարվա առաջին ամիսները և բովանդակում է անմխիթարական եզրակացություն՝ այժմ աշխարհում մամուլի ազատությունը վերջին 13 տարվա ամենացածր մակարդակի վրա է:
Freedom House-ի դասակարգմամբ, այսօրվա դրությամբ աշխարհի բնակչության միայն 13 տոկոսն է օգտվում ազատ մամուլից, ինչը նշանակում է, որ «գտնվում է այն իրավիճակում, երբ զանգվածային լրատվության միջոցները քաղաքական նորությունները լուսաբանում են լիարժեք, լրագրողների անվտանգությունը երաշխավորված է, ԶԼՄ-ների գործերին պետության միջամտությունը նվազագույնն է, իսկ մամուլը չի ենթարկվում ծանրացուցիչ իրավաբանական կամ տնտեսական ճնշման»:
Մոլորակի բնակիչների 42 տոկոսն ապրում է մամուլը մասնակի ազատության պայմաններում, իսկ 45 տոկոսն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ մամուլի ազատություն չկա:
Freedom House-ը վերլուծել է իրադրությունն աշխարհի 199 երկրներում ու տարածքներում և եզրակացրել, որ մամուլի ազատության տեսակետից այժմ ամենավատ իրադրությունը տիրում է Ադրբեջանում, Իրանում, Ղրիմում, Կուբայում, Հյուսիսային Կորեայում, Սիրիայում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Հասարակածային Գվինեայում և Էրիթրեայում:
Մամուլի ազատության մակարդակը կազմակերպության կողմից գնահատվում է 100-բալանոց սանդղակով: 2016 թվականին այդ ցուցանիշն ամենից ավելի նվազել է Լեհաստնում (6 բալով), Թուրքիայում (5), Բուրունդիում (5), Հունգարիայում (4), Բոլիվիայում (4), Սերբիայում (4) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (4):
Freedom House-ի զեկույցում ռուսական մեդիային տրվել է «անազատ» կարգավիճակ: Ի դեպ, հետխորհրդային տարածքում «լիովին ազատ մամուլի» կարգավիճակ չի ստացել ոչ մի երկիր: Ռուսաստանը վարկանիշում զբաղեցրել է 174-րդ տեղը՝ այն բաժանելով Բելառուսի հետ: Հայաստանը 137-րդ տեղում է, Ուկրաինան՝ 111-րդ, Մոլդովան՝ 118-րդ, Վրաստանը՝ 102-րդ, Լատվիան՝ 44-րդ, Լիտվան՝ 26-րդ, Էստոնիան՝ 13-րդ: