Շանթ Խայալյանը 41 տարեկան է: Չնայած տարիքը չի ցանկանում նշել, ծիծաղում, ասում է՝ աղջիկները չեն ցանկանա հետը շփվել: Հալեպից մեկնել է, երբ Սիրիրայում իրավիճակը լարված էր: Սկզբում՝ գնացել է Հորդանան, այնուհետև՝ 2013թ․ փետրվարին, տեղափոխվել Հայաստան ։ Ասում է՝ վերջնականապես։
Մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց այստեղ որոշել է սկսել օճառների և շամպուների արտադրություն․ դեռևս Հալեպում դա իր հոբին էր.տատն օճառներ էր պատրաստում, իսկ ինքը՝ հետևում և ընդօրինակում: Ճիշտ է, մի քանի փորձերից հետո, իր ասելով, տունը վերանորոգման կարիք ուներ, սակայն դա նրան չի կանգնեցրել։
Հայաստանում գործը սկսելու համար փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար վարկ է վերցրել, արտադրամաս բացել։ Ապրանքատեսակի անունն ընտրել է՝ «Beauty Products»: Սկզբում արտադրում էր 4 տեսակի օճառ՝ գազար, խնկածաղիկ, մաղադանոս և երիցուկ, և անձնական մեքենայով «ցրում» խանութներով։ Հիմա նրա ապրանքները կարելի է գնել ինչպե առցանց, այնպես էլ՝ մի շարք սուպերմարկետներում և դեղատներում։
Օճառների տեսականին այժմ 4-ից դարձել է 20, իսկ շամպուններինը՝ 16։ Կան նաև տարբեր տեսակի յուղեր։ «Կավի տեսակներն ենք շատացրել, ունենք՝ սպիտակ, կանաչ և մոխրագույն գույնի կավեր, ունենք նուռ, նուշի մեղրամոմ՝ նորություններից, ունենք քունջութի, կտավատի, ցորենի և բրնձի կաթերով սարքած օճառներ»,-պատմում է Շանթը։ Շուտով վաճառքի է հանելու նաև մազերի և մաշկի համար նախատեսված քսուքներ։
Հումքը, բացառությամբ զեյթունի և կոկոսի ձեթի, որոնք Հայաստանում չկան, տեղական է ու բնական․օրինակ՝ գազարի օճառները պատրաստվում են Արամուսի գազարներից։ Չնայած դրան՝ ապրանքն օրգանիկ չի համարվում, քանի որ դրա համար հատուկ գործընթաց պետք է անցնել, լիցենզիաներ ստանալ, ինչն ըստ Շանթի, կբարձրացնի ապրանքի գինը․ «Ինքը, որ մտածենք, օրգանիկ ա համարվում․ ինչ որ օգտագործում ենք, կարող ենք օգտագործենք սննդի, առօրյայի մեջ, բայց թող չլինի «օրգանիկ» անունով, թող բոլորն էլ օգտվեն ու մատչելի գնով»,-ասում է նա։
Ամբողջությամբ՝ hetq.am