NewsBook-ի տեղեկություններով` «Ծառուկյան» դաշինքով ներկայացված պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասում գտնվող առանձնատանն է գտնվում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
Ըստ էության, Բաբայանի` Նապոլեոն Ազիզյանի տուն այցելելու նպատակն է Գագիկ Ծառուկյանի անունից հորդորել, որպեսզի Ազիզյանը, այնուամենայնիվ, մտքափոխվի և չվերցնի օրենքով իրեն հասանելիք պատգամավորի մանդատը:
Նշենք, որ Էդուարդ Բաբայանին դիմավորեց և Ազիզյանի տուն ուղեկցեց ԱԺ գործող պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Ի դեպ, երեկվա ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի ցուցակում ընդգրկված է նաև Աբրահամ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Նապոլեոն Ազիզյանն այսօր մի նոր դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում նա հայտնել է, որ ներկայացված փաստաթուղթը կեղծ է, և հորդորում է այն քննության չառնել՝ փոխարենը հիմք ընդունել նոր դիմումը:
«Ապրիլի 2-ից ես ոտքիս պատճառով տանը պառկած եմ ու տանից դուրս չեմ եկել, ու, բնականաբար, ես չէի կարող ինքնաբացարկի դիմում գրել: Ֆանտաստիկայի ժանրից է այն, որ իմ անունից ինքնաբացարկի դիմում է հայտնվել ԿԸՀ-ում»,- մեզ հետ զրույցում ասել է Նապոլեոն Ազիզյանը:
Ամբողջությամբ՝ newsbook.am