Բաքուն զորավարժություններ է սկսել . ի՞նչ սպասել. newmag
Advertisement 1000 x 90

Բաքուն զորավարժություններ է սկսել . ի՞նչ սպասել. newmag

Զորավարժությանն անցկացվում է 80 միավոր զինտեխնիկայով, 60 միավոր հրետանային համակարգով: Վարժանքին միացել են նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը՝ 12 միավոր Մի-35 հարվածային և Մի-17 բեռնատար ուղղաթիռներով:

Բաքվից մոտ 20 կմ դեպի արևմուտք տեղակայված զորավարժարանում Ադրբեջանի և Թուրքիայի զինուժերը համատեղ հնգօրյա կրակային վարժանքներ են սկսել: Ադրբեջանական լրատվամիջոցները քարոզչական ակտիվ ֆոն են ապահովում: Վարժանքները բացառիկ ու աննախադեպ են ներկայացնում: Իրականում և պաշտոնական տվյալով զորավարժությանը ներգրաված է 1000 զինծառայող: Համեմատության համար՝ երկու շաբաթ առաջ կայացած ադրբեջանական զորավարժությանը մասնակցում էր 30 հազար զինծառայող:

Զորավարժությանն անցկացվում է 80 միավոր զինտեխնիկայով, 60 միավոր հրետանային համակարգով: Վարժանքին միացել են նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը՝  12 միավոր Մի-35 հարվածային և Մի-17 բեռնատար ուղղաթիռներով: Կիրառվում են նաև հակաօդային պաշտպանության համակարգեր: Զորավարժության հայտարարվող նպատակը փորձի փոխանակումը, կոորդինացիայի զարգացումը, գլխավոր շտաբերի՝ զորավարժություների համատեղ պլանավորման մարզումն է:

Ապրիլի 16-21-ը Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է անցկացրել 30 հազար զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությանը ներգրավված էին 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա: Ապրիլի 19-20-ին անցկացվել է զորավարժության մարտական կրակով ակտիվ փուլը՝ Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով:

Փաստացի թուրք-ադրբեջանական զորավարժությունը մասշտաբային առումով էական զիջում է երկու շաբաթ առաջ կայացած Ադրբեջանի զինուժի զորավարժությանը: Բաքվում բոլորովին այլ մասշտաբ ու որակ են փորձում ցույց տալ և այդ ֆոնին՝ քաղաքական ուղերձներ: Հայկականից բացի, օրինակ, իրանական ուղղությամբ՝ հաշվի առնելով Թեհրանի հետ երկու պետությունների այժմ խորքային հակասությունները: Թուրքական պատվիրակությունն էլ ղեկավարում է Իրանին սահմանակից Դողուբայազեդ գավառի սահմանապահ գնդի հրամանատարը։

Զորավարժությունը թուրք-ադրբեջանական գործակցության հերթական դրսևորումն է: Ընդ որում՝ Բաքու-Անկարա ռազմատեխնիկական գործակցության մասով ծավալային ու որակական ոչ մի լուրջ փոփոխություն չկա: Եվ ընդհանրապես Թուրքիայից այս վարժանքին մասնակցում է մեկ հետևակային վաշտ, որն Ադրբեջան է ժամանել ապրիլի 21-ին: Բայց փաստ է նաև, որ Թուրքիան Ադրբեջանի բանակում կարևոր խորհրդատվական դեր ունի: Պարբերաբար ու տարիներով հենց թուրք հրահանգիչները, բարձրաստիճան զինվորական խորհրդատուներն են մարզում Ադրբեջանի զինուժի սպաներին: Նաև Թուրքիայի տարածքում:

Քարոզչական հոլովակների և աղմուկի ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները բաց են թողնում մեկ փաստ: Թուրք ադրբեջանական վարժանքը պլանավորված էր: Այս ձևաչափով Ադրբեջանը և Թուրքիան վարժանքներ են անցկացնում 2013 թվականից: 2013-ին և 2015-ին դրանք անցկացվել են Ադրբեջանում, 2014-ին և 2016-ին՝ Թուրքիայում:

newmag.am



Նման նյութեր