Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհուրդ է տալիս իր ընդդիմասխոսներին քաղաքապետարանի աշխատանքների հասցեին քննադատություն հնչեցնելուց առաջ համեմատել այսօրվա Երևանը տարիներ առաջվա Երևանի հետ:
«Մեր ընդդիմախոսները մոռացել են, թե ինչպիսին էր Երևանը 4 տարի առաջ և ինչպիսին է հիմա», – Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Տարոն Մարգարյանը:
Նա նշեց, որ իրենց թիմը տեղյակ է, թե ինչ խնդիրներ կան այսօր մայրաքաղաքում և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Չենք ասում, որ խնդիրներ չունենք: Ունենք տրանսպորտի խնդիր, տարիների ընթացքում փորձեցինք մասամբ լուծել, բայց դա մեզ չհաջողվեց: Դա չի նշանակում, որ ձեռներս ծալած նստել ենք: Այս տարիների ընթացքում միջազգային փորձ ձեռք բերեցինք, և վստահաբար ասում եմ, որ գալիք տարիներին քաղաքային տրանսպորտն ամբողջությամբ ապահովելու ենք», – հավելեց նա: