Երեկ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկվում էր «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների ինքնաբացարկի դիմումների չեղարկման վերաբերյալ հարցը, լրատվամիջոցներով տարածվեց տեղեկություն, թե «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասում գտնվող առանձնատանն է գտնվում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Էդուարդ Բաբայանի նման քայլն անմիջապես ընկալվեց այնպես, թե նրա` Նապոլեոն Ազիզյանի տուն այցելելու նպատակն է Գագիկ Ծառուկյանի անունից հորդորել, որպեսզի Ազիզյանը, այնուամենայնիվ, մտափոխվի և չվերցնի օրենքով իրեն հասանելիք պատգամավորական մանդատը:
Նապոլեոն Ազիզյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Էդուարդ Բաբայանն իրենց տուն առաջին անգամ չէ, որ այցելում է: «Միշտ էլ եկել-գնացել են: Աբրահամ Մանուկյանի հետ էր եկել այս անգամ, Մանուկյանն էլ ինձ հարազատ մարդ է, երկար տարիների ընկեր է, ընտանիքներով մտերիմ ենք, նույնն էլ` Էդուարդ Բաբայանը: Բայց քանի որ հենց այդ նույն ժամանակահատվածում ԿԸՀ-ում նիստ էր ընթանում, աժիոտաժ առաջացավ»,- ասաց նա:
Հարցին՝ եթե հաճախակի բնույթ են կրում նրանց այցելություններն ու այդքան մտերիմ են, չի՞ հարցրել՝ ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ իր անունից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, Ազիզյանը պատասխանեց. «Ճիշտն ասած` չգիտեմ, կհավատաք, թե` չէ, բայց Էդուարդ Բաբայանը քաղաքականությանը վերաբերող հարցերը լսել չի ուզում, ոչ էլ խառնվում ա, իսկ եթե իր մոտ էլ խոսում են, վեր ա կանում, գնում` ասելով՝ չեմ խոսելու, չեմ լսելու տենց բաներ»:
Դիտարկմանը՝ գուցե Աբրահամ Մանուկյանից հետաքրքրվեր, այսպես արձագանքեց. «Ես ի՞նչ եմ արել, որ փորձեմ հասկանալ, ես ուղղակի ինչ կա` եղելությունը, դա եմ ասել, իրեն ներկայացրել, ինձ ասել են գնա, հետ վերցրու դիմումդ, ես էլ ասել եմ՝ ի՞նչը գնամ, վերցնեմ, եթե չկա»:
Ազիզյանին հիշեցրեցինք, որ երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ իրենց հասցեագրված` ինքնաբացարկի բոլոր դիմումներն էլ նոտարական վավերացմամբ են եղել, ապա հարցրեցինք՝ այդ դեպքում ո՞վ է Ձեր փոխարեն արել այդ գործողությունը: Ի պատասխան` Ազիզյանն ասաց. «Չեմ կարող ասել, ես իրողությունն եմ ասում, որ դիմում չի եղել»:
Նրա խոսքով՝ ինքը վստահ է եղել, որ ընտրվելու է, և չի զարմացել, որ մանդատ է ստացել: «Ես գիտեի, որ ընտրվել եմ, ու վերջ, ես չզարմացա, որ ինքնաբացարկի դիմումը չեղյալ հայտարարվեց: Ես ո՞նց կարող էի մանդատ վերցնել ու տալ ուրիշ մեկին»:
Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերություններում լարվածություն չկա՞, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չէի ասի: Ես պարոն Ծառուկյանին չեմ տեսել, ինչի՞ պետք է լարված լինի, հենց պարոն Ծառուկյանն ինձ կանչել ա, ֆինանսավորել ա, ասել ա` գնա, մասնակցի, ես էլ մասնակցել եմ, հաղթել եմ»:
Ի դեպ, Ազիզյանն ասաց՝ քանի որ ինքն է նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավորը, իրեն է վիճակված անդրանիկ նիստի բացումն անել: