Սյունիքի մարզում նախօրեին առավոտյան ողբերգական վթարի հետևանքով մահացած 19-ամյա Աստղիկ Մկրտչյանը հղի էր, Գորիս էր գնում՝ հերթական կոնսուլտացիայի:
NEWS.am-ի տեղեկություններով, քույր ու եղբայր Դավիթ և Աստղիկ Մկրտչյանները Գորիս գնալու նպատակով սպասել են միջպետական ավտոճանապարհին, կանգնել է քաջարանցի Ա. Միրզոյանն ու առաջարկել մինչև Գորիս տանել:
Մոտ 50 մետր գնալուց հետո դեռևս չպարզված հանգամանքներում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և 40.8 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա:
Մեր տեղեկություններով, 21-ամյա Դավիթ Մկրտչյանը վերջերս էր զորացրվել բանակից, քառօրյա պատերազմի մասնակից էր: Քույրը՝ Աստղիկ Մկրտչյանը, ամուսնացած էր, 1 տարեկան երեխա ուներ, սպասում էր երկրորդ բալիկին: Մայիսի 4-ին Աստղիկի ծննդյան օրն էր:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարորդը ձերբակալվել է։
news.am