Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում է քանդակի սիմպոզիում, որը բանաստեղծի ծննդավայրում` Դսեղ գյուղում կանցկացվի 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, սիմպոզիումին կմասնակցի 15 քանդակագործ: Յուրաքանչյուրին կտրամադրվի տուֆի մեկ կտոր (2x1x1 մ/խորանարդ չափով):
Թեման կլինի Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների հերոսներ, թումանյանական գրականություն: Ավարտուն քանդակները կտեղադրվեն Դսեղ գյուղում: Սիմպոզիումի ավարտից հետո ստեղծագործությունների հեղինակները կստանան դրամական պարգևներ:
Կեցության, սննդի և ստեղծագործության նյութի հարցերը հոգում է կազմակերպող կողմը: Անհրաժեշտ բոլոր գործիքները բերում է քանդակագործը:
Սիմպոզիումին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ: