Ալինա Կիրակոսյանը երգում է Սոչիում՝ ծովի ափին գտնվող ժամանցի կենտրոններից մեկում. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ալինա Կիրակոսյանը երգում է Սոչիում՝ ծովի ափին գտնվող ժամանցի կենտրոններից մեկում. life.panorama.am

«Հայաստանի ձայնը 1» նախագծից հայտնի դարձած երգչուհի Ալինա Կիրակոսյանը Life.panorama.am-ին պատմել է նոր տեսահոլովակի և արտերկրյա աշխատանքային գործունեության մասին:

«Ոորոշ ժամանակ առաջ Մալխաս ջազ-ակումբում ինձ նկատեցին ու հրավիրեցին Քաթար՝ երկարաժամկետ աշխատանքի: Ինչ խոսք, համաձայնեցի ու շուրջ երկու ամիս երգեցի Քաթարի ամենաառաջատար ջազ ակումբում: Այնուհետև առաջարկ եղավ Չինաստանից, որտեղ ևս երկար ժամանակ աշխատեցի, հետո Թեհրան, իսկ այժմ եկել եմ Սոչի, ուր ինձ ամեն ինչ շատ հաճելի է: Դաշնակահար Գարիկ Սարիբեկյանն ու ես ելույթ ենք ունենում ծովի ափի գտնվող ժամանցի կենտրոններից մեկում, այստեղ, հավանաբար, կլինենք մինչ ամռան վերջ, որից հետո կրկին կվերադառնամ Հայաստան: Ի դեպ՝ պետք է ասեմ, որ հաճելի է երգել նաև նրանց համար, ովքեր քեզ չեն ճանաչում, այլազգի են, դու նրանց համար նորություն ես ու հետաքրքիր»,- պատմեց Ալինան:

Երգչուհուն կարելի է հիմնականում տեսնել ջազ ակումբներում, իր գործունեությունը սկսել է Մալխաս ջազ-ակումբից, իսկ արդեն հետո սկսել է երգել ոչ միայն այդ, այլև երևանյան այլ ակումբներում ևս:

«Երաժշտությունն իմ մեջ է, ես երգում եմ բոլոր ոճերում, բացի ռաբիզից և ժողովրդականից»,- նշեց նա:

Ալինան հաճախակի տեսահոլովակներ չի թողարկում, երկարատև դադարից հետո օրերս ներկայացրել է իր նոր՝ «Բավ է» տեսահոլովակը.
«Նախ պետք է ասեմ, որ ուշ-ուշ տեսահոլովակներ թողարկելու պատճառը կայանում է նրանում, որ մի փոքր ավելի դժվար եմ երգեր ընտրում, միշտ ինձ մի բան դուր չի գալիս, իսկ որևէ աշխատանք կատարելիս՝ ուզում եմ շատ լավը լինի: Չեմ ուզում նմանվել հայկական շոու բիզնեսի միօրինակությանը: Վերջերս գտա շատ օրիգինալ երաժիշտների, ովքեր ինձ համար գրեցին երգ, որի նմանը չկա Հայաստանում: «Բավ է» երգը նվեր է ինձ՝ իմ սիրելի ընկերների կողմից: Երաժշտությունը գրել է Աննա Թադևոսյանը, ով ևս աշխատում է Մալխաս ջազ-ակումբում՝ որպես երգչուհի, խոսքերը գրել է՝ Վլադիմիր Պողոսյանը, ով հայտնի է «Հայաստանի ձայնը 1»-ից, իսկ գործիքավորումը կատարել է Վահրամ Յանիկյանը, ով մասնակցել է «X-Factor» նախագծին: Մենք ասես մի խումբ ենք դարձել ու նպատակ ունենք միասին ձայնասկավառակ թողարկել»,- պատմեց երգչուհին:

Հետաքրքրվելով, թե ինչու է որոշել տեսահոլովակի հարցում շեշտը դնել մինիմալիզմի վրա, պատասխանեց.

«Չէի ուզում, որ տեսահոլովակս ևս նման լիներ այն ճոխ հոլովակներին, որոնք շատ են մեր օրերում: Ուզում էի մինիմալիստական լուծումներով հետաքրքիր հոլովակ նկարահանել, որտեղ ամեն ինչ անկեղծ կլիներ: Ես ունեմ թիմ, որի հետ աշխատում եմ՝ ի դեմս Հակոբ Հակոբյանի, Արմեն Հովհաննիսյանի, ովքեր ևս համաձայն էին հասարակ ու պարզ տեսահոլովակ նկարահանելուն: Նրանք ինձ շատ են օգնել, ինչի համար շատ շնորհակալ եմ»:

Խոսելով հայկական շոու բիզնեսում տիրող երաժշտության մասին, Ալինա Կիրակոսյանը նկատեց, որ այս ոլորտի բացթողումներն էլ հենց նրան հաճախ են արտերկիր տանում.

«Ես շատ լուրջ եմ վերաբերվում իմ գործին և առհասարկ երաժշտությանը: Այս արվեստն ինձ համար հոգևոր արժեք է ներկայացնում, վատ երաժշտություն ես չեմ ընդունում, քանի որ ինձ համար այս արվեստն ուղղակի աստվածային երևույթ է: Ես չեմ կարողանում ինձ դեմ գնալ և, օրինակ, ուտող մարդկանց առաջ ելույթ ունենալ: Հնեց այս խնդիրների պատճառով էլ հիմնականում դրսում եմ աշխատում, իսկ Հայաստան գալիս եմ՝ կարոտս սփոփելու, քանի որ իսկապես շատ եմ սիրում իմ երկիրը: Գիտեք, երբ այստեղի հայությունը ընկալեց իմ երգած երաժշտությունը, ես հասկացա, որ սուտ է, երբ ասում են, մարդիկ են պահանջում ցածրորակ երաժշտություն: Մարդիկ պահանջում ու սիրում են այն, ինչ նրանց կտաս, իսկ թե ինչ ես տալիս, դա արդեն երգչի ընտրությունն է»,- ավարտեց երգչուհին:

Ամբողջությամբ՝ life.panorama.am

 



Նման նյութեր