Ես ուզում եմ շարունակել այդ բարեփոխումները. Արծվիկ Մինասյան. yerkir.am
Advertisement 1000 x 90

Ես ուզում եմ շարունակել այդ բարեփոխումները. Արծվիկ Մինասյան. yerkir.am

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում պորտֆելների քննարկման մասին տեղեկություններ դեռ չկան: Նա նաև հայտնեց, որ դեռևս չի քննարկվել ԱԺ նախագահի թեկնածուի հարցը:

Հարցին՝ Դաշնակցության համար ԱԺ նախագահի պաշտոնում պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունն ընդունելի՞ է, Մինասյանը պատասխանեց, որ այս պահին նման բան չի քննարկվել: «Եթե Գերագույն մարմինն այլ կուսակցությունների հետ եք շփոթում, խնդրում եմ, ճշգրտում արեք, որովհետև Դաշնակցությունն ունի Գերագույն մարմին, և այդպիսի հարցերը քննարկվում են  Գերագույն մարմնում: Ես` որպես կուսակցական և Գերագույն մարմնի անդամ, չեմ կարող հրապարակել իմ տեսակետն այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունում չի քննարկվել»,- ասաց նա:

Անդրադառնալով բնապահպանության նախարարի պորտֆելի հավանական պահպանմանը՝ Մինասյանն ասաց. «Այս պահին կուսակցության և հանրապետության նախագահի դիրքորոշումը, կարծում եմ, այն է, որ պետք է պահպանել բնապահպանություն նախարարության պորտֆելը, մանավանդ, որ մեծածավալ փոփոխություններ պետք է իրականացնենք ոլորտում: Բայց այս պահին դեռ որևէ հստակ բան չկա»:

«Դուք ցանկանո՞ւմ եք մնալ այդ պաշտոնին» հարցին, պատասխանեց. «Ես ուզում եմ շարունակել իրականացնել այդ բարփոխումները»:

Դիտարկմանը, թե քաղաքագետները պնդում են, որ ՀՅԴ-ական նախարարները չեն ենթարկվում Կարեն Կարապետյանին, և նրանց հանձնարարական տվողը Սերժ Սարգսյանն է, Մինասյանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում` չեն ենթարկվում, նախարարի պաշտոնը քաղաքական է, կան հստակ սահմանված իրավասություններ և պարտականություններ, և մենք չենք տեսնում այլ բան, քան շարժվել օրենքով և նախագահի հրամանագրով»:



Նման նյութեր