Մատաղիսի ջրամբարի մակարդակն իջեցրել են, բայց զինվորին չեն գտել. ի՞նչ վարկածներ կան. yerkir.am
Advertisement 1000 x 90

Մատաղիսի ջրամբարի մակարդակն իջեցրել են, բայց զինվորին չեն գտել. ի՞նչ վարկածներ կան. yerkir.am

Արդեն 4-րդ օրն է` փրկարարներն ու ռազմական ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացնում մայիսի 8-ից անհայտ կորած` ՊԲ ժամկետային զինծառայող Ռուբեն Մնացականյանին հայտնաբերելու ուղղությամբ: Yerkir.amի տեղեկություններով՝ այս օրերին իջեցրել են Մատաղիսի զորամասին հարակից ջրամբարի մակարդակը, սակայն կորած զինծառայողին չեն գտել, ինչը հավանական է դարձնում զինծառայողի՝ ողջ լինելու վարկածը: Ներկայումս Ռուբեն Մնացականյանին փնտրում են զորամասի հարակից տարածքներում:

Մեր տեղեկություններով՝ զինծառայողներ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը և Ռուբեն Մնացականյանը զորամասի տարածքը լքել են մայիսի 7-ի երեկոյան, և միայն առավոտյան են տեղեկացել նրանց բացակայության մասին:

Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ զինծառայողները մայիսի 8-ի առավոտյան զորամաս վերադառնալիս են եղել և, հավանաբար, արագ են երթևեկել՝ փորձելով հասնել առավոտյան տողանին: Այն, որ զորամասից դուրս գալիս Ռուբեն Մնացականյանը եղել է «ՈՒԱԶ-315195» ավտոմեքենայում, փաստ է,  սակայն հայտնի չէ, թե վերադառնալու ճանապարհին՝ մեքենայի՝ ջրամբարն ընկնելիս մե՞ջն է եղել, թե՞ ոչ:

Մեկ այլ վարկածի համաձայն` հնարավոր է` զինծառայողը փրկվել է և դուրս է եկել ջրամբարից, սակայն վախեցել է վերադառնալ զորամաս ու թաքնվել է:

Հիշեցնենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս: Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր հեռու հոսում է գետ:

ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի` զինհամարանիշով ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռ.Ա.Բիշարյանի և Ռ.Մ.Բարսեղյանի մարմինները:

Ռուբեն Մնացականյանին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: