Բիրմինգհեմում գողացել են պատանի կախարդ Հարի Փոթերի մասին գրքերի նախապատմությունը, որն իր ձեռքով բացիկի վրա գրել է բրիտանացի հանրահայտ գրող Ջոան Ռոուլինգը: Այդ մասին հայտնել է Արևմտյան Միդլենդսի կոմսության ոստիկանությունը:
«Միայն նրանք կգնեն այդ բացառիկ ձեռագիրը, ովքեր Հարի Փոթերի իսկական երկրպագուներն են: Մենք խնդրանքով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կտեսնեն կամ ում կառաջարկեն նշված բացիկը, այդ մասին հայտնել ոստիկանությանը»,- բնակչությանը դիմել է քոնսթեբլ Պոլ Ջոնսին:
Փոթերի մասին իր գրքերի յուրօրինակ պրիկվելը Ռոուլինգը սեղմ ձեռագրով գրել է A5 (15 х 21 սմ) ձևաչափով բացիկի երկու կողմերի վրա: 800 բառից բաղկացած շարադրանքում ներկայացվում է այն երեք տարիների պատմությունը, որոնք նախորդում են Հարիի ծնվելուն:
Քննիչների տեղեկատվության համաձայն՝ 2008 թվականին այս ձեռագիրը 25 հազար եվրոյով (ավելի քան 32 հազար դոլար) վաճառվել էր բարեգործական աճուրդում: Ենթադրվում է, որ այն տիրոջից գողացել են այս տարվա ապրիլի 13-ից 24-ն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: