Բրիտանացի փորձագետները սառնարանի դռնակն ամենավատ տեղն են համարել ձվերը պահելու համար: Ավելի ճիշտ է ձվերը դնել միջին դարակի վրա, որտեղ կայուն ջերմաստիճան է պահպանվում: Թեմայի քննարկմանն է նվիրված Daily Mail-ում հրապարակված հոդվածը:
Թերթը նշում է, որ խնդիրն սկզբում թեժ բանավեճեր է առաջացրել, բայց հետո փորձագետներն, այնուամենայնիվ, ընդհանուր կարծիքի են եկել: Good Housekeeping հանդեսի մասնագտները հայտարարել են, որ ձվերը պետք է պահել օրիգինալ փաթեթներում, միջին դարակի վրա՝ կանխելու համար ջերմաստիճանի հաճախակի տատանումները դռնակը բացելիս:
Ինչպես նշել է խմբագիր Սառա Բենվելը, բանը նաև այն է, որ դռնակն ամենատաք տեղն է: Ձվերի վերաբերյալ տեղեկատվության բրիտանական ծառայությունը (The British Egg Information Service) տնային տնտեսուհիներին խորհուրդ է տալիս ձվերը պահել տուփերի մեջ՝ ըստ Ցելսիուսի 20 աստիճանից ցածր կայուն ջերմաստիճանի պայմաններում՝ խիստ հոտավետ մթերքներից հեռու:
BEIS-ը պնդում է, որ ձվերը հեշտությամբ են կլանում հոտերը: Ձվերը ցածր ջերմաստիճանում պահելը, ի թիվս այլ բաների, բացառում է սալմոնելյոզի հարուցիչի բազմացման վտանգը: