Թուրքիայի ընդհատակյա հանցավոր խմբերի պարագլուխներից մեկը՝ Քուրշաթ Յըլմազը, ով դատապարտված է 66 տարվա ազատազրկման, նոր ցուցմունք է տվել, որտեղ խոսել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Դատախազին տված ցուցմունքի մեջ Յըլմազը հայտնել է, թե գյուլենականներն իրեն հորդորել են սպանել Դինքին: Նա, մասնավորապես, ասել է, որ ենթասպա Ահմեթ Շ.-ն իրեն կանչել է Անկարա՝ կազմակերպելու իր և գյուլենական իմամ Իսմաիլ Է.-ի հանդիպումը: «Իսմաիլ Է.-ն գյուլենական համայնքին պատկանող հյուրանոցում խոսեց հայ լրագրող Հրանտ Դինքից: Գյուլենական իմամը ցանկացավ, որ համայնքի մաֆիան լինեմ: Խոսելով Դինքի մասին՝ ասաց. «Նա փորձում է հայկական լոբբի ստեղծել: Երկիրը բարդ իրադրության մեջ է դնում, պետք է սպանենք նրան»,- պատմել է Յըլմազը:
Նա նաև հայտնել է, թե նույն մարդը ցանկացել է, որ ինքը սպանի ալևի և կոմունիստ գործիչների, սակայն ինքը հրաժարվել է կատարել սպանությունները:
Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո երկրի իշխանությունները հող են նախապատրաստում Դինքի սպանության կազմակերպման գործում Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ղեկավարած գյուլենական շարժմանը մեղադրելու մեջ: Ուշագրավ է, որ Դինքի սպանության գործով հետաքննություն վարող դատախազ Գյոքալփ Քյոքչուն երկրում գյուլենականների դեմ գործողություններ սկսելուց անմիջապես հետո դատարանին ուղարկած գրության մեջ Դինքի սպանության մասին ասել է, թե դա «հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջմանը տանող գործընթացում այդ նպատակով արձակված առաջին փամփուշտն է»:
Դինքի գործով շատ ձերբակալվածների դեմ մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ: