Մասնագետը կոչ է անում պետական հիմնարկներին չթաքցնել համակարգիչների վարակման դեպքերը. panorama.am
Advertisement 1000 x 90

Մասնագետը կոչ է անում պետական հիմնարկներին չթաքցնել համակարգիչների վարակման դեպքերը. panorama.am

Անցած շաբաթ ամբողջ աշխարհում համակարգիչների աշխատանքը կաթվածահար արած կրիպտովիրուսը սկսել է նահանջել: Հայաստանի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի տեխնիկական ղեկավար Անդրանիկ Վարդանեանի տվյալներով, Հայաստանում երեկվա դրությամբ վարակվել է 869 համակարգիչ:

«Այս տուժողները կարող են լինել Թելսելի սարքեր, ATM–ներ, տան համակարգիչներ: Մենք դա չենք կարող տեսնել, որովհետև Հայաստանում IP-ների բաշխումը  մի քիչ վատ է արված: Ելնելով ընդհանուր նկարագրությունից, կարելի է ասել, որ տուժածների թվում է մեկ համալսարանի համակարգիչ, մնացածը կարծես սովորական օգտատերեր են»,- Panorama.am-ին ասաց մասնագետը:

Նա կարծում է, որ  պետական հիմնարկներում էլ վարակված համակարգիչներ կան:

«Եթե կա նման բան, լավ կլինի ասել, որպեսզի մասնագետները կարողանան օգնել: Ելնելով վարակված IP-ներից, կային որոշները, որ պատկանում են պետական ցանցին: Այդ համակարգիչը կարող է լինել, օրինակ, մուտքի մոտ նստած օրիորդի համակարգիչը, ով ընդունում է մարդկանց: Եթե դա է, ոչինչ, բայց եթե այնպիսի համակարգիչ է, որտեղ կան արխիվներ, ապա լուրջ խնդիր է»,-բացատրեց Ա. Վարդանեանը:

Հայաստանի՝ մի քանի հարյուր վարկված համակարգիչների տվյալներն այս պահին էլ գաղտնագրված են:

Տեղեկատվական անվտանգության հայաստանցի մասնագետները մշտական կապի մեջ են արտասահմանցիների հետ, իրավիճակի վերաբերյալ տվյալներ են փոխանակում, ձեռքբերումների ու նոր զարգացումների մասին իրար պատմում:

«100 տոկոսանոց լուծում դեռ որևէ մեկը չի գտել: Կան մեթոդներ, որոնք օգնում են մասնակի: Օրինակ, ասում են, դիսկը հանեք, դրեք մեկ այլ համակարգչի վրա, բայց սա իրական լուծումը չէ, խնդիրը կարող է վերանալ կամ չվերանալ, բախտի բան է»,-մասնագետների աշխատանքի՝ այս պահի դրությամբ եղած արդյունքը ներկայացրեց նա:

Անդրանիկ Վարդանեանը հիշեցրեց, որ վիրուսը սկսեց աշխատել նախանցած հանգստյան օրերին, երբ մարդկանց գերակշռող մասը չէր աշխատում:

«Հետո երկուշաբթի գնում են աշխատանքի, միացնում համակարգիչը, որը դեռ ամենայն հավանականությամբ թարմացում չի ստացել: Դրա համար աշխատանքային առաջին օրը վիրոսը նման լայն տարածում գտավ: Դրանից հետո վիրուսը ստեղծած մասնագետները կսկսեն ուսումնասիրել, թե ով ինչպես պաշտպանվեց, ինչպես տարածվեց: Նրանք վիրուսի փոփոխված տարբերակը կսկսեն աշխատացնել հաջորդ շաբաթ-կիրակի»,-ասաց մասնագետը:

Նրա խոսքով, դա ոչ թե նոր վիրուս է, այլ նույնը, ուղղակի հասցեներն էին փոխում:

«Տեղացի ՏՏ մասնագետներին խորհուրդ եմ տալիս վիրուսը բլոկ չանել, այս վիրուսի դեպքում պետք է հրաժարվել այդ հին մեթոդոլոգիայից: Եթե այն դոմեյնը, որին կպնում է վիրուսը, բլոկ անեն, ապա ֆայլերը կսկսի տանել: Վիրուսը կանխող դոմեյնն այժմ վիրուսի դեմ պայքարող մասնագետների ձեռքում է: Բլոկ չանելու դեպքում մեր դրսի գործընկերները կարող են հրաման ուղարկել վիրուսին, որ թո´ղ, մի´ կպի»,-բացատրեց ՏՏ մասնագետը:

Նրա խոսքով, այս պահին վիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը վերահսկելի է: Վտանգավոր դրությանը հաջորդել է մանկապարտեզային վիճակը:

«Կա  Internet Storm Center անունով կառույց, որտեղ քննարկում ու գնահատում են դրությունը: Մի քանի օր առաջ դրությունը գնահատվում էր կարմիր, այսինքն՝ վտանգավոր, հիմա արդեն կանաչ վիճակում է: Ոչ մասնագետներ ունենալով վիրուսի օրինակը, այսպես ասած, վերցրել են ու հետը «խաղացել»: Վիրուսը երբ աշխատում է, կպնում է ինչ-որ դոմեյնի՝ հասցեի: Բրիտանացի իմ գործընկերներից մեկն արագ գնել էր այդ դոմեյնը, որպեսզի մարդիկ չվարակվեն: Հիմա այդ երեխաները, վիրուսի ֆայլը բացում են, ինչ-որ դոմեյնի երկու տառ փոխում են, սկսում են իրենք առնել էդ դոմեյնն ու աշխատեցնել: Այսինքն մանկապարտեզային իրավիճակ է, ինչը լրիվ սպասելի էր»,-առկա դրությունը նկարագրեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ վիրուսը հայտնվելով համակարգչում գաղտնագրում է բոլոր ֆայլերը, ապա պահանջում 300-600 դոլար, դրանք ապակոդավորելու համար: «Կասպերսկի լաբորատորիան», ըստ «Vedomosti»-ի, արձանագրել է, որ վիրուսի հարձակման զոհ է դարձել 45 հազար  օգտատեր: Սակայն ընկերությունում նշել են, որ սա միայն մի մասն է, քանի որ թվում ներառված չեն կորպորատիվ ցանցի համակարգիչները: Վիրուս տարածվել է 153 երկրներում: Տուժածների թվում հայտնի արտադրողներ կան՝  Renault-ը և Nissan-ը, FedEx-ը, Telefonica-ն, Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան:

«Կասպերսկի լաբորատորիան» արձանագրել է, որ անցած երկուշաբթի ուրբաթ օրվա համեմատ 6 անգամ ավելի քիչ համակարգիչ է վարակվել: Լաբորատորիայի փորձագետները եզրակացրել են, որ վարակի նկատմամբ վերահսկողություն կա:

Լալա Տեր-Ղազարյան