Սերբիայի և Չեռնոգորիայի միութենական պետության նախկին նախագահ Սվետոզար Մարովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Պոդգորիցիայում Ինտերպոլի ազգային բյուրոն մայիսի 16-ին դատարանի որոշմամբ նրա ձերբակալման միջազգային կալանագիր է տվել: Այդ մասին հայտնել է «Սրպսկե նովինե» պորտալը:
Կալանագիրը տրվել է այն բանի կապակցությամբ, որ Մարովիչը, որն ավելի վաղ դատապարտվել էր 3 տարի և ինը ամսվա բանտարկության, չի ներկայացել պատիժը կրելու համար:
«Կալանագիրը տրված է Մարովիչի հետախուզման և նրա կողմից կատարված հանցագործությունների համար (ծառայողական դիրքի չարաշահում) պատիժն ի կատար ածելու նպատակով»,-պորտալը մեջբերում է Կոտորում Հիմնական դատարանի նախագահ Բրանկո Վուչկովիչի խոսքը:
Նշվում է, որ ավելի վաղ պատիժը հետաձգվել էր նախկին նախագահի առողջական վիճակի կապակցությամբ. վերջին տարիներին նա բուժվում է Բելգրադում: Այժմ դատարանը համարում է, որ Մարովիչն այն աստիճան հիվանդ չէ, որ այսուհետև էլ հետաձգվի բանտարկությունը:
Սվետոզար Մարովիչը Սերբիայի և Չեռնոգորիայի միութենական պետության նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2003 թվականին դրա կազմավորման պահից և մինչև մինչև 2006 թվականին դրա փլուզումը: Նա մեղադրվել է Բուդվա տուրիստական քաղաքում շինարարական օբյեկտների հետ կապված մեքենայությունների մեջ, գործարքի մեջ է մտել հետաքննության հետ՝ պարտավորվելով մուծել 1,1 մլն եվրո ու ևս 100 հազար եվրո նվիրաբերել բարեգործական նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: