Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ: Այս մասին տեղեկացանք նշված խորհրդից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սաղաթելյանն ընդգրկված էր Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակում և պատգամավոր է ընտրվել:
Խորհրդից, մեր հարցին պատասխանելով, ասացին, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որոշում, ամենայն հավանականությամբ, կլինի այսօր, իսկ թե երբ է հայտարարվելու թափուր պաշտոնի մրցույթ, դեռևս հայտնի չէ: Նշվեց, որ դրա համար որոշակի ժամկետ կամ վերջնաժամկետ սահմանված չէ:
Բայց արդեն իսկ շրջանառվում են Հանրային ռադիոյի տնօրենի հնարավոր թեկնածուների անուններ: Ամենահավանական թեկնածուն համարվում է լրագրող, Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական Մարկ Գրիգորյանը:
Երբ նրան հարցրեցինք` թափուր պաշտոնի մրցույթ հայտարարվելուց հետո մասնակցելո՞ւ է այդ մրցույթին, պատասխանեց. «Ես այս պահին մեկնաբանություններ չունեմ»:
Արման Սաղաթելյանը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում աշխատեց կարճ ժամանակահատված` 2016 թվականից: Մինչ այդ Հանրային ռադիոն երկար տարիներ ղեկավարում էր այժմ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: