«Մանչեսթեր Յունայթեդում» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին է անդրադարձել հայտնի ESPN-ը:
Ըստ պարբերականի՝ մանչեսթերյան դերբիում Մխիթարյանին խաղադաշտ դուրս բերելը տակտիկական քայլ էր Մոուրինիոյի կողմից: Այս կերպ նա փորձում էր հանկարծակիի բերել մրցակցին, ով խաղադաշտում սպասում էր Խուան Մատային: Իր տակտիկական խորամանկության համար Մոուրինիոն հաշվի չառավ Մխիթարյանի վնասվածքը:
Պարբերականը շեշտում է, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ Մխիթարյանը ցույց չէր տալիս այն խաղը, որը ցույց էր տվել, օրինակ, «Հալի Սիթիի» դեմ խաղի ժամանակ: Հայ ֆուտբոլիստն անընդհատ կորցնում էր խաղային դիրքը և բախվում էր մրցակցի ֆուտբոլիստներին:
Մխիթարյանի մասին հոդվածում նշվում է, որ վնասվածքից ամբողջությամբ չվերականգնված ֆուտբոլիստը, ով նոր է քայլերն անում Պրեմիեր լիգայի նման առաջնությունում, չէր կարող պահել իր որակները նման պատասխանատու խաղում: Այլ կերպ ասած՝ պարբերականի լրագրողները կարծում են, թե Մխիթարյանը դեռևս պատրաստ չէր նման պատասխանատվության, ինչը բնական է: Այլ բան է, եթե Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղար ցանկացած այլ հանդիպման ժամանակ, բայց մանչեսթերյան դերբին միանգամից շատ մեծ ճնշում էր հայ ֆուտբոլիստի համար:
Պարբերականի լրագրողները ցավ են հայտնում, որ Մխիթարյանը խորացրեց վնասվածքը և շարքից դուրս մնաց 10 օրով: Ըստ պարբերականի՝ Եվրոպայի լիգայի «Ֆեյենորդի» դեմ խաղը հրաշալի հնարավորություն կլիներ Հենրիխի որակները բացահայտելու և նրա իսկական խաղը տեսնելու համար: Հատկապես այն պարագայում, երբ Մոուրինիոն հանգիստ էր տվել Ռունիին:
Սիրարփի Աղաբաբյան