Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բաց նամակը համայն հայությանը»
Advertisement 1000 x 90

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բաց նամակը համայն հայությանը»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Կարծում եմ ժամանակն է, որպեսզի համախմբվեն բոլոր այն Գիտակից Ազնիվները, ովքեր վստահ են, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար վաղուց արդեն անհանգստանալու շատ պատճառներ կան և դրանք օրեցօր ավելի են արմատավորվում և քայքայում պետության հիմքերը թե՛ ներսից, թե՛ դրսից:

Բոլոր այն ուժերն ու անհատները, որոնք համարում են, որ տարիներ շարունակ ՀՀ-ում տեղի է ունեցել, ՀՀ-ի անկախությանը սպառնացող, հակապետական, դավադիր կազմակերպված պետականազրկման պրոցես՝ հարկավոր է միասնական դառնան: Միայն համահայկական, միասնական այս հավաքը կկարողանա ցանկացած պահի միավորվել ա՛յս մտքի շուրջ՝ ոչ մի գնով թույլ չտալ Հայաստանի Անկախ Հանրապետության Ինքնիշխանության թուլացմանը, ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ռուսական իմպերիայի կողմից:

Մենք ինքներս, համայն հայության հետ միասին, պիտի կարողանանք դիմադրել բոլոր տեսակի ուժային ճնշումներին, ինքներս մեզ հաղթելով պիտի դիմակայենք օտարներին: Այլ կերպ հնարավոր չէ, որովհետև այսօր կատարվում են պրոցեսներ, որոնք կարող են անդառնալի լինել բոլորիս համար, մեկ ակնթարթում կարող է ամեն բան փոխվել ու դառնալ մոխրագույն ու կործանարար:

Բոլոր նրանք, ովքեր հասկանում են, ովքեր կարող են կռահել, թե տարածաշրջանում իչպիսի պրոցեսներ կարող են ընթանալ, նրանք ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով՝ պիտի՛ միավորվեն: Ովքեր հասկանում են՝ Արևմուտք – Ռուսաստան հակամարտության արդյունքում մեր անողնաշար լինելու պատճառով ինչ վտանգների առջև կարող ենք կանգնել՝ պիտի միավորվեն:

Մեր սխալ կողմնորոշման պատճառով կարող ենք կրկնել նույն այն սխալները , որոնք թույլ ենք տվել անցած դարասկզբին՝ տալով միլիոնավոր զոհեր: Շատ կարևոր է, որ հասկանանք – մենք արդեն հարյուր տարի ապրում ենք ծանր հոգեկան հիվանդի հոգեբանությամբ: Մենք մի պետություն ենք, որը շջապատված է հեռու և մոտիկ, ոչ պակաս հիվանդ բարեկամներով և հարևաններով: Պիտի հասկանանք, որ հիվանդությունները շատ խորն են, իսկ բուժման բաղադրատոմսը՝ միայն մեր ուժերում է, մեզ հարկավոր է բուժվել ու լինել առողջ, որպեսզի կարողանանք դիմակայել: Մեզ սթափվել է պետք և չի կարելի գնալ պատրանքների հետևից: Մենք, այս կամ այն կողմի վրա չպիտի գերակշռող դիրք ընդունենք, որովհետև մենք քայլում ենք մի բարակ ու մաշված պարանի վրայով, իսկ այն անցնելու համար շատ հավասարակշիռ է պետք բաշխել ուժերը:

Մենք դեռ չգիտենք մոսկովյան սիստեմի այլասերված ֆանտազիաների չափը: Մենք միայն տեսնում ենք ու գիտենք, որ բռնազավթված կողմ ենք, բայց ինչի համար և երբ է Մոսկվան օգտագործելու մեզ և մեր Երկիրը իր անասնացած խաղերի մեջ, դրա մասին ոչինչ չգիտենք: Այդ վառոդով լի տակառի պայթյունը կլինի կործանարար:

Մեզ պարզ չի նաև արևմուտքի վերաբերմունքը, որովհետև նրանք էլ զբաղված են իրենց աշխարհաքաղաքական շահերի գլոբալ խնդիրներով, ինչպես նախորդ դարասկզբին: Կարևոր չէ, որ ոլորտից, որ կուսակցությունից, որ փողոցից, որ բակից, որ երկրներում ենք հաստատված, որ քաղաքներից ենք և որ քաղաքական դաշտերից ու ձորերից: Կարևոր չէ՝ այսօրվա կառավարման օղակներից ենք, թե սփյուռքում իրար միս ուտող կուսակցություններից. կան իրավիճակներ, երբ բոլորը մե՛կ պիտի դառնան:

Հարկավոր է Ազնիվ Գիտակիցների համահայկական համախմբում, ովքեր կկարողանան միասնական աշխատել երկրապահպան տարբեր հարցերի շուրջ, ովքեր պատրաստ են և ունակ են միասնական աշխատելու, որպեսզի այս ծանր աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակներում լուծումներ և ճանապարհներ գտնեն Հայրենիքը վտանգներից պաշտպանելու համար:

Ցավալի է ու ապշեցուցիչ, բայց այդպիսի համախբվածություն չկա, ամեն բան կարկատված լաթի պես կտոր-կտոր է եղած…ինչպես միշտ: Ցավալի է, որ քսանմեկերորդ դարում էլի՛ չենք համախմբվում: Այս կոմունիկացիոն հնարավորությունների առկայության դեպքում, մենք պիտի նույն երգը երգեինք համայն հայությամբ, բայց դա չարվեց, որովհետև իմպերիային ու մնացած ուժերին դա ձեռնտու չէր, նրանց պետք չի կայուն և ուժեղ Հայստան: Փոխարենը մենք բաժանվեցինք տարբեր երկրների շահերի, տարբեր կոլխոզնիկների անձնական հետույքը պաշտպանելու, կլանային ճղճիմ հետաքրքրությունների օգտին աշխատելու գործերին: Հավատացե՛ք, այս դարը ուրի՛շ է լինելու, հավատացե՛ք և կենտրոնացե՛ք մեզանով մեզ հավաքելու գաղափարի շուրջ:

Եթե ուշքի չգանք, եթե միասնական չդառնանք, ժամանակը չի սպասելու՝ մեկ օրում ամեն բան կարող է փոխվել, մեկ օրում բոլոր քաղաքական ու հասարակական գործիչները, նրանց անցյալը, ներկան, ապագան, ամբողջ երկրի այսօրվա ռուսա-սովետական սիստեմը, այս կլանային ախոռի հետ միասին կդառնա անպիտան ու անիմաստ թափոն: