Թրամփն առաջին արտասահմանյան շրջագայությանն է մեկնում ԱՄՆ-ի նախագահի կարգավիճակում
Advertisement 1000 x 90

Թրամփն առաջին արտասահմանյան շրջագայությանն է մեկնում ԱՄՆ-ի նախագահի կարգավիճակում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին շրջագայության է մեկնում Մերձավոր Արևելքի երկրներ և Եվրոպա, որը կդառնա նրա առաջին արտասահմանյան ուղևորությունը պետության ղեկավարի պաշտոնում:

Սպասվում է, որ մայիսի 20-ին ԱՄՆ-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում հանդիպում կունենա այդ երկրի Սալման բեն Աբդել Ազիզ աս Սաուդ թագավորի հետ: Երեկոյան Թրամփը և նրա տիկինը՝ Մելանյան, հրավիրված են թագավորական ընտանիքի հետ հանդիսավոր պաշտոնական ընթրիքի:

Հաջորդ օրը պլանավորված են ԱՄՆ-ի նախագահի հանդիպումները Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ղեկավարների հետ: Մայիսի 21-ի կեսօրին Թրամփը ճառով հանդես կգա 50-ից ավելի իսլամական երկրների ղեկավարների առջև:

Թրամփի հաջորդ կանգառը կլինի Իսրայելում, ուր նա ուղևորվելու է մայիսի 22-ին: Երուսաղեմում նա հանդիպում կունենա Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ: Նա կայցելի Հոլոքոստի «Յադ վա-Շեմ» թանգարան, ավելի ուշ նրան կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Մայիսի 23-ին Միացյալ Նահանգների նախագահը Բեթղեհեմում հանդիպում կանցկացնի Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:

Մայիսի 24-ին ԱՄՆ-ի նախագահը կայցելի Վատիկան, որտեղ նրան կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հռոմից Բրյուսել ուղևորվելուց առաջ Թրամփը հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ:

Մայիսի 25-ին Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակներում, մասնավորապես, ճաշկերույթ է պլանավորված Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սա կլինի երկու ղեկավարների առաջին հանդիպումը: Բացի այդ, Բելգիայի մայրաքաղաքում կկայանան Թրամփի հանդիպումները Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ, ինչպես նաև Բելգիայի Ֆիլիպ թագավորի և Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ:

Նախքան Իտալիա վերադառնալը, որտեղ մայիսի 26-27-ին կանցկացվի «յոթի խմբի» գագաթնաժողովը, ԱՄՆ-ի նախագահը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համար կազմակերպվող հանդիսավոր ընթրիքին:

Սպասվում է, որ G7-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը «կպաշտպանի Ամերիկայի տնտեսական առաջատարությունը, ինչպես նաև ուշադրություն կհատկացնի առևտրի հարցերին»:

Մայիսի 27-ին ԱՄՆ-ի նախագահը կվերադառնա Վաշինգտոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: