Աղձք գյուղի պեղավայրում հնագետները վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Աղձք գյուղի պեղավայրում հնագետները վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են հայտնաբերել

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրում հնագետներն այս տարի վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են պեղել: Աղձքի հնավայրի արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանն ասաց, որ արձանագրությունները վերծանման փուլում են: «Վաղ միջնադարյան արձանագիր տապանաքարեր մենք ընդհանրապես չենք ունեցել»,- ասաց նա:

Հնագետի խոսքով` պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը մինչև աշուն հուշարձանի տարածքում պեղման-մաքրման աշխատանքներ կիրականացնի: «Մենք ակնկալում ենք այդ տարածքում վաղ միջնադարյան մոնումենտալ կառույցներ հայտնաբերել»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվելու է Աղձքը Հայաստանի ամենակարևոր զբոսաշրջային վայրերից մեկը դարձնելու համար:

Դեռ անցյալ տարի նոյեմբերին Աղձքի հնավայրում բացվեց Աղձքի արշավախմբի կողմից պեղված երեք մասունքատուփ-սնդուկներից ամենամեծը, որտեղ հայտնաբերվեցին հայոց արքաների մասունքներ:

Արշակունի թագավորների աճյունները ամփոփված են եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։

Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ Պարսից Շապուհ Բ արքան 364 թվականին գրավելով Անի-Կամախը՝ փորձել է այնտեղ թաղված հայ թագավորների աճյունները Պարսկաստան փոխադրել: Պարսիկների պատկերացմամբ՝ մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխվեր նաև նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյանը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է հայոց արքաների աճյուններն և դրանք հողին հանձնել Աղձքում։