Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում լուսանկարիչներ Վիգեն Մնոյանի և Գերման Ավագյանի աչքերով ներկայացված էին 50 մարդկային պատմություններ, 50 ճակատագիր՝ հայրենադարձների, սիրիահայերի, փախստականների, աշխատանքային միգրանտների կյանքից:
«Միգրացիայի ուղիներ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որ կազմակերպվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից, ներկայացված է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում» (ՄԻԲՄԱ) ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում:
Հայրենիք վերադարձի որոշում կայացրած հերոսների լուսանկարների հեղինակներին՝ Գերման Ավագյանին ու Վիգեն Մնոյանին, ևս միգրանտի կյանքը խորթ չէ: «Ես էլ եմ միգրանտ եղել, ու ընդհանրապես Հայաստանում շատ քիչ թվով մարդիկ կգտնեք, որ չեն փորձել գնալ մեկ այլ տեղ, ուժերը փորձել օտար երկրում, բայց հետո հասկացել ենք, որ Հայաստանից լավ տեղ չկա, ու հետ ենք վերադարձել մեր Հայրենիք՝ խոսքս իմ ու Վիգենի (Վիգեն Մնոյանի.- Ն.Մ.) մասին է: Թե չէ՝ ես էլ կարող էի մնալ դրսում ու աշխատել մեծ փողեր, ճիշտ է՝ ոչ իմ մասնագիտությամբ, բայց համենայն դեպս, Վիգենն էլ կարող էր Մոսկվայում ռեստորան ունենալ, բայց մենք հիմա այստեղ ենք ու լուսանկարների միջոցով ներկայացնում ենք հայ միգրանտների կյանքի պատմությունները»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց լուսանկարիչ Գերման Ավագյանը:
Վիգեն Մնոյանը, որ ցուցահանդեսին ներկայացել էր իր Վարպետի՝ Լևոն Աթոյանցի հետ, իր խոսքում հատուկ շեշտեց.
«Եթե չլիներ իմ Վարպետը՝ Լևոն Աթոյանցը, ես երևի լուսանկարչությամբ չզբաղվեի և հիմա այստեղ՝ այս ցուցահանդեսում չէի լինի: Ինչպես իմ ավագ ընկեր, մեծ լուսանկարիչ Գերման Ավագյանը, նշեց, միգրանտի կյանքը, ինչպես իրեն, այնպես էլ ինձ խորթ չէ: Մի պահ նույնիսկ մտածեցինք, որ մեր լուսանկարներն էլ կարելի էր ներառել այս ցուցահանդեսի մեջ, բայց չարեցինք, թեև կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ որոշեինք ու անեինք»:
Ի տարբերություն լուսանկարիչ Գերման Ավագյանի, Վիգեն Մնոյանը նմանատիպ՝ սոցիալական բնույթի նախագծի առաջին անգամ է մասնակցում: «Առաջարկն ինձ անմիջապես շատ հետաքրքիր թվաց, հատկապես՝ երկու լուսանկարիչների մասնակցությամբ: Թեման առաջարկվեց կազմակերպող ընկերության՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից: Ուրախ էի աշխատել հենց այս թեմայի շրջանակներում և Գերմանի հետ»,- նշեց Վիգեն Մնոյանը:
Լուսանկարչական ցուցահանդեսի բոլոր հերոսները Հայաստանից են: Լուսանկարիչներ Գերման Ավագյանն ու Վիգեն Մնոյանը շրջել են հանրապետության գրեթե ողջ տարածքում և գտել իրենց հուզող մարդկային կյանքերի պատմություններ, անսովոր ճակատագրերի կրողներ՝ հայրենադարձներ, սիրիահայեր, փախստականներ, աշխատանքային միգրանտներ: Վիգեն Մնոյանն այս նախագծում նախընտրած հերոս չունի՝ բոլորն էլ հավասարապես հոգեհարազատ են. «Սրանք ուղղակի լուսանկարներ չեն, այլ առանձին վերցված մարդկային ճակատագրեր, ֆիլմեր, որովհետև մենք չէինք գնում ու ուղղակի լուսանկարում իրենց: Ամեն մի ստացված լուսանկարը ենթադրում էր մարդկային երկար ու խորը շփում»:
Գերման Ավագյանի նախընտրած հերոսը բժիշկ Կարեն Մարտիրոսյանն է. «Կարող եմ առանձնացնել միայն բժիշկ Կարենին, որովհետև իմ հերոսներից միայն ինքն էր, որ չէր հավատում, որ լավ նկար կստացվի, հիմա էլ նայում է նկարին ու երևի չի հավատում, որ նկարում ինքն է: Նայեք՝ լուսանկարում լայն ու գեղեցիկ ժպտում է…»:
Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ Կարել Հովսթրան, ով մասնակցում էր ցուցահանդեսի բացմանը, իր խոսքում նշում է. «Միգրացիան վատ բան չէ, թեև Հայաստանում, ցավոք սրտի, այս երևույթը շատ անգամ ընկալվում է՝ որպես բացասական երևույթ: Միգրացիա ասելով՝ հասկանում ենք միայն արտագաղթ, երբ մարդիկ գնում են, հեռանում են և չեն վերադառնում, բայց միգրացիան միայն անվերադարձ հեռացումը չէ: Կան շատ մարդիկ, ովքեր հետ են գալիս, կամ գոնե ժամանակավոր են վերադառնում: Այն միգրանտները, ովքեր հայ չեն և գալիս են Հայաստան, իրենց հետ բերում են իրենց հմտությունները, գիտելիքներն ու սովորությունները, որոնցից շատ բան կարելի է տեսնել, սովորել ու վերցնել: Ես ներկայացնում եմ Հոլանդիան և հավաստիացնում եմ, որ մեզ մոտ էլ մեծ թվերի հասնող միգրացիա կա: Անշուշտ, ցանկալի է, որ Հայաստանի տնտեսական վիճակը բարելավվի, և մարդիկ չհեռանան իրենց երկրից ու հայրենիքից, բայց եթե անգամ ամեն բան իդեալական լիներ այս երկրում, միևնույն է՝ միգրացիա երևույթն անխուսափելիորեն առկա էր լինելու»:
Հիշեցնենք, որ «Միգրացիայի ուղիներ» խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպվել է Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում:
ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ