Հռոմի Ֆրանցիսկոս պապը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են միջազգային հակամարտությունների, մասնավորապես, մերձավորարևելյան տարածաշրջանի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի և ԱՄՆ-ի նիախագահի միջև կայացած հանդիպման արդյունքները:
«Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային օրակարգի մի շարք թեմաների և քաղաքական գործընթացի ու միջկրոնական երկխոսության միջոցով խաղաղության հաստատման ուղիների շուրջ: Ընդսմին առանձնակի ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքի և քրիստոնեական համայնքների պաշտպանության թեմային»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում կողմերը նշել են Սուրբ Աթոռի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև հավատի և խղճմտանքի ազատության պաշտպանության ընդհանուր ձգտումը:
«Վատիկանը և ԱՄՆ-ը հույս ունեն ամրապնդել համագործակցությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և գաղթականներին ցուցաբերվող օգնույթունը»,- նշվում է փաստաթղթում:
Թրամփի հետ Ֆրանցիսկոսի դեմ առ դեմ զրույցը շարունակվել է 30 րոպե: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ է վարել Վատիկանի պետական քարտուղար (կառավարության ղեկավար) Պիետրո Պարոլինի և պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալահերի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: