Նախևառաջ եկեք ուսումնասիրենք մի քանի հիմնական կարծիքներ.
«Ինչո՞ւ եք մտածում, որ Ձեր բալիկը սննդի մեջ աղի կարիք ունի »
Դուք մտածում եք, որ սկզբնական շրջանում հավելյալ սնունդ չընդունելու պատճառն այն է, որ սնունդն անալի է:
Սա ամենահաճախ արվող սխալներից է, Ձեր բալիկը չի հետաքրքրվում սննդով, քանի որ սովորել է կրծքի կաթին և չի ցանկանում կերակրվել նոր, իր համար անծանոթ սննդով: Նա, ով վեց ամիս կերակրվել է միայն կկ-ով և չգիտի աղի համը, կարիք չունի սննդի մեջ աղի ավելացման:
Նա չի կարող ցանկանալ կամ կարիքը ունենալ մի բանի, որ դեռևս չի փորձել:
Երեխայի կերակրի մեջ աղի ավելացման վնասակար հետևանքները
Օրական աղի պահանջը երեխայի մոտ կազմում է 1գ-ից էլ քիչ (0.4գ. նատրիում) և այն ստանում է մեծ մասամբ կկ-ից կամ կխ-ից: Այդ պատճառով հավելյալ աղը ծանրաբեռնվածություն կլինի երեխայի երիկամների համար և դրանք չեն կարող հավուր պատշաճի իրենց գործառնությունը կատարել հավելյալ ծանրաբեռնվածության պատճառով:
Երեխայի կերակրի մեջ աղի ավելացման բացասական կողմերը
Կերակրի աղի մեջ առկա նատրիումը երեխաների մոտ բարձրացնում է արյան բարձր ճնշման և երիկամային անբավարարության ռիսկը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ արյան բարձր ճնշման հավանականությունն ավելի մեծ է վաղ տարիքի երեխաների մոտ: Հիպերտոնիկ հիվանդությունը մեծահասակների մոտ սրտի և ուղեղի կաթվածների գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում:
Երեխայի կերակրի մեջ աղից խուսափելու մյուս կարևոր պատճառն այն է, որ օրգանիզմում աղի ավելցուկը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության: Երիկամներն օրգանիզմում գործում են որպես ֆիլտրեր, որոնք վերացնում են այնպիսի տարրերի ավելցուկ, ինչպիսիք են, նատրիումը, կալիումը, ֆոսֆորը և այլն, և պահպանում են տվյալ նյութերի անհրաժեշտ չափաբաժինը:
Մյուս վտանգն այն է, որ օրգանիզմում աղի մեծ քանակը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ օրգանիզմում աղը լուծվում է միայն ջրով, և օրգանիզի ջրերն օգտագործվում են աղերի վերացման համար: Սա կարելի է կապել շաքարային դիաբետի նախանշաններից մեկի հետ: Շաքարային դիաբետով տառապող մարդիկ միզելու պահանջ շատ հաճախ են ունենում, քանի որ շաքարի ավելցուկն օրգանիզմում լուծվում է ջրի միջոցով, որն էլ հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման:
SACN(Scientific Advisory Committee on Nutrition)-ը խորհուրդ է տալիս աղի հետևյալ չափաբաժինները նորածինների, վաղ տարիքի մանուկների և երեխաների համար
Տարիքը | Աղի առավելագույն քանակը |
0-6 ամսականներ | < 1 գր (0.4գր նատրիում) |
6-12 ամսականներ | < 1 գր (0. 4գր նատրիում) |
1-3 տարեկաններ | 2 գր (0.8գր նատրիում) |
4-6 տարեկաններ | 3 գր (1.2գր նատրիում) |
7-10 տարեկաններ | 5 գր ( 2 գր նատրիում) |
11 տարեկան և բարձր | 6 գր (2.4 գր նատրիում) |
Որոշ մարդիկ խորհուրդ են տալիս մի պտղունց աղ ավելացնել երեխայի կերակրի մեջ, բայց դա նույն չափ վտանգավոր է, հաշվարկվում է, որ մեկ պտղունց աղը հավասար է ¼ գրամի:
Մեկ պտղունց աղը, որ օրական երեք անգամ ավելացվում է կերակրի մեջ, հավասար է ավելի քան 0,75 գր աղի, որն ի հավելում կկ-ում կամ կխ-ում առկա աղին, երեխայի օրգանիզմում կհանգեցնի աղի ավելցուկի, որի վտանգների մասին արդեն նշեցինք:
Ինչպես համ ավելացնել երեխայի կերակրի մեջ առանց աղ ավելացնելու
Դուք կարող եք ձեր երեխայի սնունդն ավելի համեղ ու հետաքրքիր դարձնել՝ ավելացնելով իր տարիքին համապատասխան համեմունքներ:
Ինչո՞ւ չի կարելի շաքարավազ մինչև մեկ տարեկան երեխաներին
Շատ մայրիկներ մտածում են, որ մինչև մեկ տարեկան երեխաներին շաքարի արգելումը նշանակում է նաև որ չի կարելի քաղցր սնունդ և հրաժարվում են երեխաներին քաղցրահամ միրգ տալուց: Շաքար ասելով՝ մենք ի նկատի ունենք «Սպիտակ ռուֆինացված շաքարը» , այլ ոչ թե մրգերի բնական քաղցրությունը և բնական քաղցրացուցիչները:
Ինչո՞ւ է շաքարավազը վնասակար մինչև մեկ տարեկան երեխաների համար
- Հիմնականում շաքար ավելացնում են կաթի, մրգային հյութերի, մրգային պյուրեների, շիլաների, յոգուրտների մեջ դրանք քաղցրացնելու համար: Երեխայի սննդի մեջ շաքարավազ ավելացնելով՝ մենք լրացուցիչ ծանրաբեռնում ենք օրգանիզմը,բարձրացնում քաղցրի նկատմամբ նրա պահանջը: Երեխայի աճին զուգահեռ նա աստիճանաբար կսկսի ուտել միայն քաղցրացված սնունդ և կհրաժարվի այլ սննդատեսակներից:
- Մանկական սննդի մեջ շաքարավազի ավելացումը նաև մեծացնում է մանկահասակ երեխաների մոտ կարիեսի զարգացման հավանականությունը: Քաղցրացված սննդի մնացորդներից բերանում մնացած բակտերիաները կարիեսի առաջացման գլխավոր պատճառներից են: Այդ բակտերիաները գործառնում են բերանում առկա շաքարի մնացորդների հետ, և սկսվում է կարիեսի գործընթաց:
- Որոշ ծնողներ սովորություն ունեն պառկած դիրքում երեխաներին շշով կերակրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ դա բարձրացնում է ականջի ինֆեկցիաների ռիսկը, դա տեղի է ունենում այն պատճառով, որ երբ երեխան պառկած դիրքում շիշը բերանին է, երբեմն կարող է կաթը ծորալ բերանից և կաթալ ականջի մեջ, դա հանգեցնում է ականջի մեջ և հարակից շրջանում բակտերիաների զարգացման և առաջացնում է ականջի ինֆեկցիա:
- Բացի ատամների կարիեսից կամ ականջի ինֆեկցիայից, երեխայի սննդակարգի մեջ շաքարի մեծ քանակը ավելացնում է հետագա տարիներին շաքարային դիաբետի առաջացման վտանգը:
Պետք է նշել, որ իր բնական վիճակով նատրիումն առկա է մթերքների մեծամասնության մեջ, ներառյալ մրգերի, բանջարեղենների, հատիկավորների և լոբազգիների մեջ: Մրգերի մեծամասնությունն իր բաղադրության մեջ մեծ քանակությամբ բնական շաքար են պարունակում: Այս աղբյուրները բավարար են,որ երեխայի մոտ բավարարվի նատրիումի և շաքարի պահանջը: Կանադայի Կալգարի համալսարանի կողմից կատարված հետազոտության արդյունքում հաստատվել է, որ վաճառվող մանկական սննդի 60%-ը պարունակում է մեծ քանակությամբ աղ և շաքարավազ: Երեխայի սննդի մեջ աղի և շաքարավազի ավելացման պատճառով, հետագայում երեխայի համային ընկալումները սխալ ուղղությամբ են զարգանում և դա շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:
Այսպիսով, հարգելի՛ ծնողներ, շատ ուշադիր եղեք, թե ինչպիսի սնունդ եք տալիս ձեր երեխաներին: Մանրամասն կարդացե՛ք մանկական սննդի բաղադրությունը և խուսափե՛ք շաքարավազ և աղ ավելացնելուց, մինչ երեխան չի դառնում մեկ կամ մեկուկես տարեկան: Վաղ տարիքում խուսափելով շաքարավազ և աղ տալուց, դուք կարող եք վստահ լինել, որ երեխան աղի կամ շաքարավազի նկատմամբ կախվածություն չի ունենա, և ամենագլխավորը, կնվազեցնեք հետագայում այնպիսի վտանգավոր և մահացու ելք ունեցող հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են հիպերտոնիան՝արյան բարձր ճնշումը, և շաքարային դիաբետը:
merpoqrike.am