Դավիթ Վարդանյանին շատերը կհիշեն «Նոր ալիք 2014» մանկական երաժշտական մրցույթից, որտեղ նա ներկայացրեց Հայաստանը և դարձավ Իգոր Կրուտոյի սանը։ Այսօր` մայիսի 27–ին, Երևանի ժամանցային վայրերից մեկում երգիչը իր հարազատներին ու ընկերներին ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը, որը կոչվում է «Ուր ես»։ Երգի երաժշտության, խոսքերի և գործիքավորման հեղինակը հենց ինքն է պատանի երգիչը, որ մայիսի 28–ին կդառնա 15 տարեկան։ Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Գրիգոր Դավթյանը։
«Երգը պատանեկական սիրո մասին է։ Սա իմ պատմություն է։ Ես սիրել եմ մի աղջկա, որն անհետացել է իմ կյանքից։ Չեմ ցանկանում նշել, թե ով է նա և որ ոլորտից է, բայց կասեմ, որ այդ զգացմունքն էր, որ ինձ ոգեշնչեց գրել այս երգը։ Ստեղծագործությանս մեջ ես անընդհատ փնտրում եմ իրեն ու սպասում։ Իրականում էլ ես միշտ եմ նրան հիշում։ Երգը նվիրում եմ հենց նրան»,– Tert.am Life–ի հետ զրույցում ասաց Դավիթը։
Վերջինս նշեց, որ վաղուց է, ինչ ստեղծագործում է։ «Դեռ վաղ տարիքից ստեղծագործում եմ։ Այս երգով ցանկացա ներկայանալ հանրությանը, քանի որ այն ինձ շատ հոգեհարազատ ստեղծագործություն է։Այն գրել եմ մոտ 1 ժամվա ընթացքում»,– հավելեց Դավիթը։
Ի դեպ, Դավիթի համար այս օրը եռակի տոն էր։ Բացի իր առաջին տեսահոլովակի պրեմիերայից, երգիչն իր ընկերների հետ մեկ օր շուտ տոնեց ծննդյան տարեդարձը և բեմական 10–ամյակը։ «Մայիսի 28–ին միշտ համերգների եմ լինում և չեմ կարողանում ընկերներիս հետ նշել տարեդարձս։ Այս տարի մեկ օր շուտ եմ նշում ընկերներիս հետ, քանի որ վաղը համերգային ծրագրեր կան շատ»,– եզրափակեց Դավիթը։
Ամբողջությամբ՝ life.tert.am