Որքան գումար են Հայաստանում ծախսում մեր երկիր այցելած զբոսաշրջիկները. b4b.am
Advertisement 1000 x 90

Որքան գումար են Հայաստանում ծախսում մեր երկիր այցելած զբոսաշրջիկները. b4b.am

Զբոսաշրջությանը վերաբերող տարբեր հրապարակումներում հաճախ է հանդիպում այն գնահատականը, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները մեկ այցելության ընթացքում Հայաստանում ծախսում են 900-1000 ԱՄՆ դոլար։ Սակայն պաշտոնական վիճակագրության տվյալներից ելնելով՝ այդ գումարն իրականում ավելի փոքր է։

Ինչպե՞ս դա կարելի է հաշվել։ Պարզաբանենք՝ կոնկրետ 2016 թվականի օրինակով։

Այսպես, զբոսաշրջիկների թիվը գաղտնիք չէ. Ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար հրապարակում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2016 թվականին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1մլն 259 հազար 657 զբոսաշրջիկ։

Իսկ որքան գումար են նրանք ծախսել Հայաստանում։ Այդ թիվը երևում է վիճակագրական մեկ այլ փաստաթղթից՝ վճարային հաշվեկշռից։

Զբոսաշրջությունից ստացված եկամուտները ներառված են վճարային հաշվեկշռի՝ ծառայությունների արտահանումից ստացված եկամուտների բաժնում։

Ըստ վճարային հաշվեկշռի՝ 2016 թվականին Հայաստանը ծառայությունների արտահանումից ստացել է 1 մլրդ 610 մլն ԱՄՆ դոլար, որից՝ ճանապարհորդությունից (ՀՀ ժամանող զբոսաշրջիկներից) ստացված եկամուտը կազմում է 967.7 մլն դոլար։

Այսպիսով, 2016 թվականին մեկ զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում ծախսել է 768 դոլար։ (նշում ենք՝ մեկ այցելության ընթացքում, որովհետև վիճակագրության մեջ զբոսաշրջության ցուցանիշի տակ ներկայացված է հենց զբոսաշրջային այցելությունների թիվը, և ոչ թե անձանց)

Նույն կերպ կարելի է հաշվել, որ Հայաստանից արտերկիր այցելող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 2016 թվականին մեկ այցելության ժամանակ ծախսել է միջինը 845 դոլար։

Ի դեպ, վերջին տարիներին զբոսաշրջիկներից ստացված եկամուտները նվազել են։

Ինչպես տեսնում եք գծապատկերից, 2012 թվականին Հայաստան այցելող 1 զբոսաշրջիկից ստացվող միջին եկամուտը (մեկ այցելության ընթացքում) 969 դոլար էր, որը հետագա տարիներին կայուն կերպով նվազել է։

b4b.am