Աշտարակի քաղաքապետարանը բյուջեից կես միլիոնից ավելի գումար է ծախսել՝ աշխատակիցներին «Կյանք ու կռիվ 2»-ի տոմս և օծանելիք գնելու համար. aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշտարակի քաղաքապետարանը բյուջեից կես միլիոնից ավելի գումար է ծախսել՝ աշխատակիցներին «Կյանք ու կռիվ 2»-ի տոմս և օծանելիք գնելու համար. aysor.am

Աշտարակի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, բյուջեի հաշվին ցանկացել է հաճոյանալ աշխատակազմի կանանց ու նրանց մարտի 8-ի կապակցությամբ գնել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տոմսեր:

Աշտարակի քաղաքապետարանի կողմից կնքված պայմանագրերից Aysor.am-ը տեղեկանում է, որ ընդհանուր առմամբ գնվել է 162 տոմս, որի համար վճարվել է 324 հազար դրամ: Ի դեպ, «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տոմսերը գնվել են մարտին:

Նույն փաստաթղթի համաձայն, պետբյուջեից 66 հազար դրամ է հատկացվել քաղաքապետարանին «Մոբայլ սենթըր» խանութից 6 բջջային հեռախոս գնելու համար:

Առավել հատկանշական է Աշտարակի քաղաքապետարանի և մասնավորապես, քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կողմից կատարված օծանելիքի գնումը. ըստ պաշտոնական փաստաթղթերի, 23 հատ օծանելիք գնելու համար քաղաքապետարանը բյուջեից հատկացրել է 437 հազար դրամ: Այս նպատակով պայմանագիրը կնքվել է «Վոլոդյա Նորայրի Գալստյան» ԱՁ-ի հետ:

Պայմանագիրը կնքվել է ապրիլի 5-ին, իսկ ապրանքը նախատեսված է եղել գնել մինչև ապրիլի 7-ը, հավանաբար, մայրության և գեղեցկության տոնին կանանց նվիրելու համար:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը ասաց, որ տոմսերը գնվել են որպես մարտի 8-ի նվեր:

«Մարտի 8-ին աշխատակազմին նվեր ենք արել, իսկ հեռախոսները առել ենք, որպեսզի քիչ վճարենք. «Բիլայն»-ի հեռախոսներից էին օգտնվում, ամսական վճարը շատ-շատ էր լինում, իսկ հիմա բջջային հեռախոսներ ենք սարքել ցանցի համար», – ասաց Շահվերդյանը:

Աշտարակի քաղաքապետը այլ հարցերի չպատասխանեց՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր՝ մանրամասն պատասխանելու համար:

 



Նման նյութեր