Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները` Անահիտ Ադամյանն ու Արինա Պետրովան։ Ինչպես գիտենք, Հայաստանը ներկայացնող 13-ամյա Անահիտ Ադամյանն Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։ Tert.am Life–ը կապ է հաստատել Անահիտի հետ։
Վերջինս պատմեց իր զգացողությունների մասին։ «Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի, երբ հաղթեցի։ Շատերն են հարցնում` հաղթանակը սպասվա՞ծ էր ինձ համար, թե՞ ոչ։ Հստակ չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Քանի որ և՛ սպասում էի, և՛ ոչ։ Հուզմունք կար, բայց միայն բեմ բարձրանալուց առաջ և ելույթիցս հետո։ Կատարման ժամանակ շատ ուրախ եմ եղել և չէի մտածում հուզմունքի մասին»,- ասաց Անահիտը։
Երգչուհին նշեց, որ այդ օրերին իր ծնողները, պապիկն ու տատիկը անընդհատ խորհուրդներ էին տալիս։ «Ծնողներս միշտ ասում էին, որ չվախենամ և մտածեմ, որ ինքս ինձ համար եմ երգում։ Իսկ պապիկս ասում էր, որ համարձակ բարձրանամ բեմ, ազատ լինեմ ու միշտ ժպտամ։ Նա խորհուրդ էր տալիս, որ ուշադիր լինեմ երաժշտության ու ձայնիս վրա»,- նշեց Անահիտը։
Մրցույթին Անահիտը ներկայացել է Սթիվի Ուանդերի Don՛t You Worry About a Thing և Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգերով։ «ՊռեԳոմեշի» ընտրությունն Անահիտինն է եղել, իսկ Don՛t You Worry About a Thing-ը` կազմակերպիչներինը։ «Շատ եմ սիրում Սիրուշոյի այդ երգը։ Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք այդ երգն ընտրել։ Բայց երգը մի քիչ փոփոխել ենք, որ մրցույթային ձևաչափին ավելի մոտ լինի»,– հավելեց երգչուհին։
Նրա խոսքով` մրցույթի մասնակիցներից հավանել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովայի և Բելառուսի ներկայացուցիչ Դանիելի կատարումները։ «Կարծում եմ Դանիելը մեծ հնարավորություն ուներ հաղթելու, քանի որ շատ լավ էր երգում։ Ինձ դուր է եղել նրա կատարումները»,- ավելացրեց Անահիտը։
13-ամյա Անահիտը մեկ ցանկություն ունի` դառնալ ճանաչված երգչուհի։
Ի դեպ, նա հունիսի 6–ին վերադառնում է Երևան։ «Շատ եմ կարոտել Երևանը, պապիկիս ու տատիկներիս»,- եզրափակեց Անահիտը։