«Ինգո Արմենիան» ամպրանդում է դիրքերը՝ ի հաշիվ «Ռոսգոսստրախի» և «Նաիրի ինշուրանսի». ՀՀ ապահովագրական շուկայի զարգացումները b4b.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ինգո Արմենիան» ամպրանդում է դիրքերը՝ ի հաշիվ «Ռոսգոսստրախի» և «Նաիրի ինշուրանսի». ՀՀ ապահովագրական շուկայի զարգացումները b4b.am

2017 թվականի առաջին եռամսյակում հայաստանյան 6 ապահովագրական ընկերությունների՝ համախառն ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 9 մլրդ 378 մլն դրամ։ Այս (ինչպես և նյութում հանդիպող մյուս) տվյալների հիմքը ընկերությունների միջանկյալ եռամսյակային հաշվետվություններն են, որոնք մշակվել են B4B PRO համակարգի կողմից։

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ապահովագրական շուկայի մեծությունը, կարելի է ասել, չի փոխվել։ Սակայն բուն շուկայի ներսում՝ խաղացողների միջև, տեղի ունեցել փոփոխություններ, որոնք կարելի է լուրջ համարել։

Ինչպես տեսնում եք աղյուսակում, 6 ապահովագրական ընկերություններից 3-ի հավավաքագրած ապահովագրավճարները նվազել են, մյուս 3-ինը՝ ավելացել։ Ամենից շատ՝ 432.3 մլն դրամով (19.4%-ով) ավելացել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի համախառն ապահովագրավճարները։

Փոխարենը՝ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ի ապահովագրավճարները նվազել են 220 մլն դրամով (7.6%-ով), իսկ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությանը՝ 251.4 մլն դրամով (14.9%-ով)։

Չնայած նվազմանը՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, համախառն ապահովագրավճարների գումարով առաջատարը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 2 մլրդ 678.7 մլն դրամ։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն երկրորդն է, սակայն ընդհուպ մոտեցել է առաջատարին (2 մլրդ 661.6 մլն դրամի ապահովագրավճարներ)։

Համախառն ապահովագրավճարների ծավալով երրորդ տեղում «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն է, որին հաջորդում են «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը, «ՌԵՍՈ»-ն և «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը։

Որպեսզի շուկայի փոփոխություններն ավելի տեսանելի լինեն, մենք կազմել ենք ընկերությունների կշիռների գծապատկերները՝ ըստ հավաքագրած ապահովագրավճարների։

Ինչպես տեսնում եք, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի, «ՌԵՍՈ»-ի և «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի կշիռները մեծ փոփոխություններ չեն կրել 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ։

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ի կշիռը նվազել է 2.2 տոկոսային կետով՝ 30.8%-ից հասնելով 28.6%-ի, իսկ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ինը՝ 2.6 տոկոսային կետով՝ 17.9%-ից հասնելով 15.3%-ի։ Այսինքն, այս երկու ընկերությունների կշիռը միասին վերցրած նվազել է 4.8 տոկոսային կետով։

Մոտավորապես այդքանով՝ 4.7 տոկոսային կետով, ավելացել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի կշիռը` 23.7%-ից հասնելով 28.4%-ի։

Հաշվի առնելով, որ ապահովագրական շուկայի ծավալը, ինչպես նշեցինք, գրեթե չի փոխվել, կարելի է եզրակացնել, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ամրապնդել է իր դիրքերը ՀՀ ապահովագրական շուկայում՝ ի հաշիվ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ի և «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի։

b4b.am