ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «վհուկների մեծագույն որս» է որակել վերջին օրերին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում սանձազերծված արշավը, որոնց նախաձեռնողները փորձում են իր ավագ որդուն մեղադրել գրեթե պետական դավաճանության մեջ՝ անցյալ տարվա ամռանը ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ ունեցած հանդիպման համար: Քաղաքական գործիչը հուլիսի 12-ին ափսոսանք է հայտնել կատարվածի առթիվ: Նա հայտարարել է, որ պաշտպանում է իր որդուն, որը հուլիսի 11-ին Fox Nwes հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է բոլոր կասկածանքները:
«Իմ որդի Դոնալդը երեկ երեկոյան լավ կատարեց իր խնդիրը: Նա շիտակ էր և անկեղծ: Դա (իր դեմ սկսված արշավը) վհուկների մեծագույն որսն է քաղաքական պատմության մեջ: Դա ցավալի է»,- իր Twitter-ում գրել է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը:
Հուլիսի 9-ին The New York Times թերթը հաղորդել է, որ Թրամփ Կրտեսրը 2016 թվականի հունիսին Նյու Յորքում հանդիպում է անցկացրել Վեսելնիցկայայի հետ, որն իբր կապված է Ռուսաստանի իշխանությունների հետ: Հրատարակության պնդմամբ՝ նա համաձայնվել է հանդիպմանը, քանի որ իրեն խոստացել են այնտեղ վարկաբեկող բնույթի տեղեկատվություն տրամադրել Հիլարի Քլինթոնի մասին: Ամերիկյան NBC հեռուստաընկերության՝ հուլիսի 11-ին հրապարակված հարցազրույցում Վեսելնիցկայան հերքել է այն վարկածը, թե աշխատել է Ռուսաստանի իշխանությունների համար և հայտարարել է, որ ինքը Քլինթոնի վերաբերյալ ոչ մի վարկաբեկող նյութ չի ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: