«Ասում են՝ Մարտիրոսյան Գագիկին բերեց, բա ո՞ւմ բերեր». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ասում են՝ Մարտիրոսյան Գագիկին բերեց, բա ո՞ւմ բերեր». Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը գտնում է՝ անկախության 25 տարիների ընթացքում մենք ոչ մի բանի չենք հասել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ, երբ ՀՀ նախագահն ասում է՝  «ունենք անկախ սերունդ», ըստ Գ. Եղիազարյանի, այդ անկախ սերունդը մեր գիտակցությունից անկախ է ծնվում, դաստիարակվում։ Նրա խոսքով՝ մենք դուրս չենք եկել այդ «կլանային, անխիղճ, անողոք մեքենայի միջից»:

«Ես միշտ պաշտպանել եմ Հովիկ Աբրահամյանին, այսօր էլ եմ պաշտպանում, նա ընդունեց մի տնտեսություն, որը նրանից նախորդը լափել, գնացել այնտեղ նստել է։ Հիմա նոր մարդ է եկել՝ Կարեն Կարապետյանը, որին ճանաչում եմ ավելի քան 20-25 տարի, նա Աստծո կողմից օժտված, լավ կրթություն ստացած մի մարդ է, տեսքն էլ՝ տեղը: Ասում են՝ Մարտիրոսյան Գագիկին բերեց, բա ո՞ւմ բերեր: Մարտիրոսյան Գագիկն այն վատագույն տարիներին կարողացավ ոտքի կանգնեցնել ամենածանրագույն ոլորտներից մեկը՝ մեր էներգահամակարգը, եթե չբերեր նրան, ո՞ւմ բերեր»,- նշեց Գ. Եղիազարյանը։

Ըստ նրա՝ երբ ասում են, որ վարչապետը  ոչ հայտնի, նոր մարդկանց է բերում,  դա կարևոր չէ, կարևորն այն է, որ վարչապետն է նրանց ճանաչում, քանի որ նա է նրանց հետ աշխատելու. «Այս նոր նախարարների մասին նույնիսկ դուք չեք կարող ասել, թե ով ինչ բիզնես է ղեկավարում և թե ինչպես է թալանելու երկիրը»:

Դիտարկմանը, թե՝ Գագիկ Մարտիրոսյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալները չե՞ք հիշում, Գ. Եղիազարյանը պատասխանեց, որ ինքն այն ժամանակ Անվտանգությունում է աշխատել, և հորդորեց կոնկրետ օրինակ բերել. «Մեկը հիշեցրեք՝ անմիջապես կհիշեմ, այն ժամանակ ես Անվտանգությունում էի, խնդրում եմ՝ մեկ դրվագ հիշեցրեք, ես մոռացել եմ, հիշեցրեք մի հատ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Անի Քեշիշյան