– Պարոն Մանուկյան, վերջին օրերին քննարկվում է նաև երրորդ սերնդի թղթադրամների թողարկման հարցը, օրինակ՝ Չարենցին, Թումանյանին, Սարյանին փոխարինելու են գալիս Սևակը, Սարոյանը, Կոմիտասը, Այվազովսկին, Գրիգոր Լուսավորիչը: Հանրային խորհրդում այդ հարցերը քննարկվե՞լ են:
– Այն, որ ժամանակ առ ժամանակ երկրները փոխում են իրենց դրամը, որպեսզի ավելի բարձրացնեն պաշտպանվածության աստիճանը, հասկանալի է:
Այդ փոփոխությունների ժամանակ երբեմն փոխվում են նաև պատկերները, օրինակ՝ հասարակական հնչեղություն է ստանում գենդերային ծրագիրը, և որոշ երկրներում քննարկում են թղթադրամների վրա կին գործիչների թիվն ավելացնելու հարցը, կամ, ասենք, որոշակի ժամանակաշրջան է փոխվում, մարդկանց մոտ սոցիալ-քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, արժեհամակարգի վերագնահատում է լինում, և տվյալ ժամանակաշրջանին ավելի հարիր սիմվոլներ ու կերպարներ են առաջ գալիս: Բոլոր դեպքերում դրա պատասխանատուն և վերջնական որոշում կայացնողը Կենտրոնական բանկն է, բայց այդ հարցերը քննարկվում են հասարակության մեջ, առանց հասարակական քննարկումների սովորաբար այդ հարցերը չեն լուծվում, էնպես չի, որ Անգլիայում առավոտյան զարթնեն ու տեսնեն՝ Շեքսպիրի փոխարեն Չերչիլն է:
Մեզ մոտ նման քննարկումներ չեն եղել, Հանրային խորհրդին էլ ոչ ոք չի առաջարկել հարցը քննարկել, և ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկը կարող էր դիմել մեզ և Հանրային խորհրդի կարծիքն էլ իմանար: Ինչ վերաբերում է գործիչների փոփոխություններին, ապա կարծում եմ՝ պետք է որոշակի սկզբունքներ լինեն: Օրինակ՝ պետական գործիչներ պե՞տք է լինեն, թե ոչ, կրոնական գործիչներ պե՞տք է լինեն, թե ոչ, միգուցե միայն գիտության և մշակույթի՞ գործիչներ պետք է լինեն, և այլն: Եթե չկան որոշակի սկզբունքներ, ստացվում է, որ ամեն մեկը կարող է իր ուզած գործչին ներկայացնել: Ես կարող եմ իմ սուբյեկտիվ կարծիքն ասել. մեծ հարգանքով եմ վերաբերվում Պարույր Սևակին, բայց ինձ համար Թումանյանն ու Չարենցը համեմատելի չեն Սևակի հետ: Թումանյանն ու Չարենցը ազդել են սերունդների դաստիարակության և մտածողության վրա, և ես կարծում եմ, որ նման անհատներ պետք է ընտրեին: Եթե ես որոշում կայացնող լինեի, կաշխատեի նաև կրոնական գործիչներ չներառել, քանի որ կարծում եմ, որ քրիստոնեության փիլիսոփայությանն անհարիր է, որ դրամի վրա պատկերված լինի որևիցե սուրբ կամ հոգևոր կերպար:
Ամբողջությամբ՝ ankakh.com