Գեղեցիկ ու յուրօրինակ ներկայացումները կզարդարեն մնջախաղի միջազգային փառատոնը
Advertisement 1000 x 90

Գեղեցիկ ու յուրօրինակ ներկայացումները կզարդարեն մնջախաղի միջազգային փառատոնը

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնն իր շուրջ է համախմբել տարբեր երկրներից Հայաստան ժամանած տաղանդավոր և հետաքրքիր մնջախաղացների: Նրանք արվեստասերներին կներկայանան ինքնատիպ, զվարճալի և հուզիչ բեմադրություններով: Փառատոնը կանցկացվի հուլիսի 22-26-ը Ծաղկաձորում: Այդ մասին հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները:

Բանգլադեշից Հայաստան ժամանած Միր Լոկմանը և Սանկտ-Պետերբուրգից ժամանած Եկատերինա Վարլակովան: Բանախոսները կներկայացնեն փառատոնի ծրագիրն ու կխոսեն ապագա անելիքների մասին:

«Այս տարի երեք թատերախումբ է ժամանել ՌԴ-ից, մասնակիցներից մեկը եկել է հեռավոր Բանգլադեշից, փառատոնին հանդես գալու համար Ֆրանսիայից վերադարձել է Դիանա Ներսիսյանը, ում հետ տարիներ առաջ աշխատել ենք: Շատ հետաքրքիր համարով են ներկայանալու «Արցախ-Գերմանիա» նախագծի անդամները: Ընդգծեմ, որ կրկին մեզ հետ են Հարավային Աֆրիկայից եկած  Ջոն Ջեյքոբսը և Արմավիրից ժամանած «Ժիվոսվետ» խումբը»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նա շեշտեց, որ Մնջախաղի միջազգային փառատոնը ժողովրդական է: «Այն բնակիչների, ոչ թե մասնագետների համար է, և մեր գերխնդիրը հանրության լայն շերտերին գեղեցիկ արվեստ ներկայացնելն է»,- ասաց Դադասյանը:

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանն ընդգծեց, որ շատ է կարևորում Մնջախաղի միջազգային փառատոնը, միշտ նրա կողքին է ու  ցանկանում է, որ այն ընդգրկվի տուր-օպերատորների կայքերում և էջերում, որպեսզի հնարավոր լինի այն ներկայացնել մշակութասեր լայն զանգվածներին:

Սանկտ-Պետերբուրգից ժամանած մասնակից Եկատերինա Վարլակովան նշեց, որ դեռ երկու տարի առաջ է լսել փառատոնի մասին ու շատ ուրախ է, որ վերջապես հնարավորություն ունի մասնակցել դրան: «Մեր խումբը կոչվում է «Մի Մինոր»: Այն բաղկացած է չորս մնջախաղացներից, սակայն այս անգամ ներկայացնելու եմ իմ անհատական բեմադրությունը, որի թեման կյանքն  է. ներկայացվում է ժամանակակից բարձր տեխնոլոգիական աշխարհի և մարդու բնական միամիտ հույզերի, ապրումների միջև եղած հակասությունները»,-ասաց Վարլակովան ու հավելեց, որ մնջախաղ սովորելիս հաճախ է դիտել Լեոնիդ Ենգիբարյանի էտյուդներն ու շատ բան է սովորել նրանից:

Կենսուրախ մնջախաղաց Միր Լոկմանը, ով Բանգլադեշից է ասաց, որ շատ զարմացավ, երբ Հայաստան գալով իմացավ, որ այստեղ Բանգլադեշ թաղամաս կա: «Ինձ երջանիկ եմ զգում ձեր երկրում ու կարծում եմ, որ այս փառատոնը կարող է կապեր ստեղծել Հայաստանի ու Բանգլադեշի միջև»,- շեշտեց նա:

Միր Լոկմանի ներկայացումը կոչվում է «Պայքար»: Բեմադրության հերոսը պայքարում է հանուն մարդկային ազատության:

Երևանյան հանդիսատեսը ևս կարող է դիտել ներկայացումները՝ օգտվելով անվճար Երևան-Ծաղկաձոր-Երևան երթուղու ավտոբուսներից: